Սուր հռետորաբանության պայմաններում նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ իսկապես կան. Արարատ Միրզոյան
«Վլադիմիր Վարդանյանը հենց նոր հայտնեց, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է հայտարարություն, ըստ որի՝ մեկ անգամ ևս ոչ իրավաչափ է համարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ հարց ուղղելով Արարատ Միրզոյանին:
Միրզոյանը երախտիքի խոսք հղեց միջազգային գործընկերներին և ասաց. «Բայց նաև ուզում եմ հիշատակել մի կարևորագույն իրադարձություն՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի համապատասխան որոշման ընդունումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքում անխափան երթևեկությունն այնպես, ինչպես բխում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից»:
Նա հայտնեց, որ մինչ այդ որոշումը և դրանից հետո էլ գործընկեր պետություններն ու խորհրդարանականներն այդ կոչով հանդես եկել են:
«Կարծում եմ, որ միջազգային հանրությունն այստեղ անելիք ունի և պետք է շարունակել այս քաղաքականությունը, ավելի գործուն միջոցներ կիրառել: Գիտեք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի արոշումները իրավական առումով պարտադիր ենթակա են կատարման և չկատարման դեպքում դրանից ինչ-որ հետևանքներ պետք է բխեն, այլապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի»,-հայտարարեց Միրզոյանը:
Անդրադառնալով սահմանային էսկալացիայի հավանականության վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Միրզոյանն ասաց. «Էսկալացիայի վտանգ, այո, իհարկե, կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա՝ անկախ բանակցություններից, և դրանցում ՀՀ-ի դրսևորած կառուցողական մոտեցումից: Այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ, այո, նոր ագրեսիայի վտանգներ և՛ ՀՀ-ի, և՛ ԼՂ-ի դեմ, ընդ որում՝ ԼՂ-ի դեպքում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության դրսևորումների տեսքով, իսկապես կան»:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան
- Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում. Արարատ Միրզոյան
- Ադրբեջանում ավելի է սրվել հայատյացության քարոզը, բայց մենք համառորեն շարունակելու ենք բանակցել. Արարատ Միրզոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին