Թուրքիան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանումը Ռուսաստան
Մարտի սկզբից Թուրքիայի կառավարությունն ընկերություններին արգելել է Ռուսաստան արտահանել արտասահմանյան այնպիսի ապրանքներ, որոնք ներառված են պատժամիջոցների տակ գտնվող՝ ապրանքների ցանկում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ, այս մասին հայտնել է մետաղներ արտահանողների ստամբուլյան ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքդելիօղլուն։
Նա լրագրողներին տեղեկացրել է, որ մարտից թուրքական ընկերություններին ներկայացվել է արտասահմանյան ապրանքների Ռուսաստան արտահանելու սահմանափակումների ցանկը։
Ասոցիացիայի ղեկավարի խոսքով՝ ցանկը ստեղծվել է՝ հաշվի առնելով արևմտյան կառավարությունների «լուրջ նախազգուշացումները»։
Իր հերթին, Եվրամիության ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ Անկարան Եվրահանձնաժողովին բանավոր երաշխիքներ է տվել, որ մարտի 1-ից ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների և արտահանման վերահսկողության տակ գտնվող ապրանքները չեն տեղափոխվի Ռուսաստան: Թուրքիայի առևտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալուց։
Թեքդելիօղլուն պարզաբանել է, որ Թուրքիայում արտադրված ապրանքները, նույնիսկ այլ երկրների բաղադրիչներով, կարող են Ռուսաստան մատակարարվել առանց սահմանափակումների։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նոր սահմանափակումներն արդեն ստիպել են ռուսաստանցի ներմուծողներին այլընտրանքային մատակարարողների փնտրել Ղազախստանում և այլ երկրներում։ «Նրանց այլևս չի անհանգստացնում արժեքը: Պարզապես փորձում են ավարտին հասցնել առաքումները»,- ընդգծել է ասոցիացիայի ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին