Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին պարտավորեցրել են 5 մլն եվրո փոխհատուցում վճարել
Թբիլիսիի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:
Jnews-ի փոխանցմամբ՝ այս որոշման համաձայն՝ Կեզերաշվիլին Վրաստանի պաշտպանության նախարարությանը պետք է վերադարձնի 5 միլիոն 60 հազար եվրոյին համարժեք լարի։
Ինչ վերաբերում է նույն գործով մյուս ամբաստանյալին՝ ՊՆ գնումների վարչության նախկին պետ Ալեքսանդր Նինուային, ապա վերաքննիչ դատարանը չի բավարարել նրա դեմ ներկայացված հայցը և պարտավորեցրել է պաշտպանական գերատեսչությանը վերադարձնել վճարված հինգ հազար լարին:
Նախորդ տարվա մարտին Դավիթ Կեզերաշվիլիին դատարանը պարտավորեցրել է հինգ միլիոն եվրո վճարել Պաշտպանության նախարարությանը: Թբիլիսիի քաղաքային դատարանը լիովին բավարարել է գերատեսչության հայցը և նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիից և գնումների բաժնի նախկին ղեկավար Ալեքսանդր Նինուայից ընդհանուր 5 060 000 եվրոյին համարժեք լարի բռնագրավել՝ ի օգուտ Պաշտպանության նախարարության:
Վրաստանի գլխավոր դատախազությունը Դավիթ Կեզերաշվիլիին և Ալեքսանդր Նինուային մեղադրանք է առաջադրել պաշտոնեական դիրքի չարաշահման և պետական խոշոր գումարների յուրացման փաստով:
Գործը վերաբերում է GIRWOOD BUSINESS CORP օֆշորային գոտում գրանցված ընկերությանը խոշոր չափի գումար փոխանցելուն։ Գումարը փոխանցվել է վարժանքների կազմակերպման համար։ Ինչպես հաստատվում է՝ նախարարությունը չի ստացել այն ծառայությունը, որի համար վճարել է, այսինքն՝ զորավարժությունները չեն կայացել։
Փաստաբան Գեորգի Մշվենիերաձեի խոսքով, պարզ չէ, թե ինչով է առաջնորդվել դատարանը, քանի որ «պաշտպանական կողմը ներկայացրել է զորավարժությունների անցկացումը և մարդկանց մասնակցությունը այդ զորավարժություններին հաստատող անհերքելի ապացույցները»։
Դավիթ Կեզերաշվիլին այժմ արտասահմանում է գտնվում: Նա 2004-2006 թվականներին եղել է Ֆինանսական ոստիկանության պետը, իսկ հետո մինչև 2008 թվականը զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Հետագայում նա տեղափոխվել է մասնավոր բիզնեսի ոլորտ։ 2012 թվականին՝ իշխանափոխությունից հետո, նրա դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել։ Դրանցից երկուսի դեպքում նա հեռակա կարգով արդարացվել է։ 2014 թվականին ֆրանսիական, իսկ 2016 թվականին Լոնդոնի դատարանը մերժել են նրան Վրաստանին հանձնելու պահանջները։
Կեզերաշվիլիի փաստաբանը կրկնել է, որ նրա նկատմամբ հետապնդումը «բացահայտորեն կապված է Formula հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության հետ»:
«Միակ արժեքավոր ունեցվածքը վերահսկիչ փաթեթն է: Նա «Ֆորմուլա» հեռուստաընկերության բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերն է»,- հայտարարել է Մշվենիերաձեն:
Նա հիշեցրել է մեկ այլ հեռուստաալիքի՝ «Ռուսթավի 2»-ի պատմությունը, երբ խմբագրական քաղաքականությունը փոխվեց սեփականատիրոջ փոփոխության արդյունքում։
Վրաստանի իշխող կուսակցությունը Դավիթ Կեզերաշվիլիին անվանում է «օլիգարխ» և հայտարարում, որ նա փորձում է վերահսկել Վրաստանում տեղի ունեցող գործընթացները դրսից և ընկնում է ապագա «Ապաօլիգարխացման մասին» օրենքի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան