Մոլդովայի պաշտոնական լեզուն՝ ռումիներեն
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն օրենք է ստորագրել, որով մոլդովերենի փոխարեն հանրապետության պետական լեզու է ճանաչվում ռումիներենը, որը, նրա կարծիքով, պետք է միավորի հասարակությանը, գրում է «rbc.ru»-ն։
«Ես ստորագրեցի օրենք, որը հաստատում է պատմական և անվիճելի ճշմարտությունը. Մոլդովայի պետական լեզուն ռումիներենն է»,- գրել է նա Facebook-ում։
Այսպիսով, բոլոր իրավական փաստաթղթերում «մոլդովերեն լեզու» եզրույթի փոխարեն կգրվի «ռումիներեն լեզու»: Նույն պահանջը կգործի «պետական», «պաշտոնական» և «մայրենի» եզրույթների դեպքում:
Սանդուն նշել է, որ այժմ մոլդովացիները խոսում են Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկով։ Պետության ղեկավարի խոսքով՝ նրանք, ովքեր հայտարարում էին, որ երկրում խոսում են մոլդովերենով, այլ ոչ թե ռումիներենով, «ցանկանում էին պատակտել հասարակությունը»։
Մոլդովայի Սահմանադրական դատարանը 2013 թվականին որոշել է, որ հանրապետությունում պետական լեզուն ռումիներենն է։ Միաժամանակ երկրի սահմանադրության մեջ նշվում է, որ պետական լեզուն մոլդովերենն է։ Ըստ Սահմանադրական դատարանի՝ Մոլդովայի անկախության հռչակագիրը, որտեղ նշվում է, որ երկրի պետական լեզուն ռումիներենն է, գերակա է Սահմանադրության նկատմամբ։
Մոլդովերեն և ռումիներեն լեզուները պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական լեզուների բալկանառոմանական ենթախմբին։ Ըստ որոշ լեզվաբանների՝ մոլդովերեն լեզու գոյություն չունի և դա ռումիներենի անվանումներից մեկն է։