Ցանկացած ժամանակ բախում կարող է լինել. Սեյրան Օհանյան
Այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ռազմական գործողությունների հավանականության վերաբերյալ հարցին:
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային իրադարձությունները, թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական համատեղ գործողությունները, նաև Ադրբեջանի կողմից իրականացվող կոնկրետ նախապատրաստական գործողությունները, Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ տիրող իրավիճակը խոսում են նրա մասին, որ այսօր բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում ենք գտնվում:
«Եվ պատերազմի հավանականությունը ցանկացած ժամանակահատվածում պետք է լինի: Սա ասում եմ ոչ թե մեր ժողովրդին վախեցնելու, այլ նրա համար, որ ի վերջո պետք է համախմբվել ու գնալ սեփական հողը պաշտպանելու»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Ըստ նրա՝ լիարժեք գնահատական տալու համար, թե որոնք են Ադրբեջանի գործողությունները, ինչպիսի ուղղությամբ կան կուտակումներ, ինչ նպատակադրում ունի ադրբեջանական ԶՈւ-ն, դրանց կարող է գնահատական տալ միայն մարդը, որը լուրջ հետախուզական տվյալներ ունի հակառակորդի վերաբերյալ, իսկ դա իշխանությունն է:
«Տիրող աշխարհաքաղաքական զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների առկա վիճակը, նաև այն, որ Ադրբեջանը համապատասխան գործողություններ է ծավալում տարածաշրջանում, խոսում է նրա մասին, որ ցանկացած ժամանակ բախում կարող է լինել»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան