Ստեփանակերտում Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել
Մարտի 22-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում կազմակերպվել է ցուցահանդես՝ նվիրված հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ, Հայաստանի առաջին Հանրապետության պետական, հասարակական գործիչ, հայոց նորագույն պետականության հիմնադիր, ՀՅԴ կուսակցության անդամ Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կրում էր «Արամ Մանուկյանի կյանքն ու գործունեությունը» խորագիրը և կազմակերպվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արվեստների բաժնի կողմից:
«Այսօր, ներկա գտնվելով Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր հայր, արցախածին Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված միջոցառմանը և հաղորդակցվելով նրա հերոսական կենսագործունեությանը, որի աշխարհագրությունը ձգվում է Բաքվից մինչև Կարս, Վանից մինչև Երևան, կարող ենք աներկբայորեն հաստատագրել, որ Արամ Մանուկյանը մեզ և գալիք սերունդներին ավետել է մի մեծագույն ազգային կենսաբարոյական նշանակության պատգամ, այն է՝ ապավինել միայն ու միայն մեր սեփական ուժերին, երբեք չվհատվել, շարունակել պայքարը հանուն ազատության և անկախության, մինչև հաղթական ավարտ»,-ասել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:
ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, Արամ Մանուկյանը հեղափոխականության ոգին ստացել է իր հայրենի հողից՝ Շուշիից:
«Արամին տեսնում ենք թե Շուշիում, թե Երևանում աշակերտական հեղափոխական շարժումների մասնակցելիս, այնուհետև՝ Բաքվում, Կարսում, Վանում, նորից Արևելյան Հայաստանում՝ Երևանում: Եվ այս բոլոր վայրերում նա ցույց է տվել իր շրջահայացությունը, հաստատակամությունը, կտրուկ որոշումներ կայացնելու վճռականությունը, նաև՝ զգուշավորությունը: Պատահական չէ, որ Վանում կարողացավ ձեռք բերել այնպիսի հեղինակություն, որ նույնիսկ քրդերը նրան նամակ գրելիս կոչում էին «Վսեմափայլ պարոն Արամ», իսկ Վանում նա ձեռք բերեց «Փաշա» մականունը»,-ընդգծել է Լ. Հովհաննիսյանը:
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը ելույթի իր խոսքում Արամ Մանուկյանին նվիրված ցուցահանդեսը այժմեական է համարել։
«Ուսումնասիրենք մեծ հայի անցած ճանապարհը Վասպուրականում, Կարսի հնոցում, Գանձակում, և կտեսնեք, թե ինչպիսի գործունեություն է ունեցել այդ ազնվագույն պետական, հասարակական, քաղաքական ու կուսակցական գործիչը: Եվ այսօր այդ ամենն, իսկապես, այժմեական է»,-նշել է Դ. Իշխանյանը:
Արամ Մանուկյանի ծննդյան 144-ամյակին նվիրված ցուցահանդեսը բաց կլինի երկու շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան