Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ Լաչինը բացելու դատարանի որոշումն անտեսելու համար. «Արմենպրես»
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON)։
Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծում է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հանրային կերպով կոչ է արել կատարել որոշումը:
Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է բարձրացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս կայացած հանդիպման ընթացքում: FAON-ը նշում է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցներում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով:
Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը հնարավոր լծակներով պետք է հետևողական լինի, որ կատարվի Հաագայի դատարանի որոշումը. Եղիշե Կիրակոսյան
- Հաագայի դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար. Գուտերեշ
- Հաագայի դատարանն արձանագրեց Ադրբեջանի պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար. Փաշինյան
- ՀՀ ԱԳՆ-ն միջազգային գործընկերներին կոչ է անում ապահովել Ադրբեջանի կողմից Հաագայի դատարանի որոշման անհապաղ իրականացումը
- Հաագայի դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ
- Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանի որոշման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին