ԱՀԿ-ն խոլերայի տարածման վտանգը համաշխարհային մակարդակով շատ բարձր է գնահատում
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ խոլերայի վտանգը գլոբալ մակարդակում շատ բարձր է՝ պայմանավորված բռնկումների թվի աճով և դրանց աշխարհագրական ընդլայնմամբ։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է կազմակերպության կայքում հրապարակված զեկույցում։
Նշվում է, որ բռնկումների աճող թվի, դրանց աշխարհագրական ընդլայնման, պատվաստանյութերի և այլ ռեսուրսների պակասի պատճառով ԱՀԿ-ն խոլերայի վտանգը շատ բարձր է գնահատում։
2023 թվականի փետրվարի 11-ին հրապարակվել են հիվանդության բռնկման վերջին տվյալները՝ կապված խոլերայի գլոբալ իրավիճակի հետ։ Այդ ժամանակից ի վեր իրավիճակը ավելի է վատացել, և ևս չորս երկրներ հայտնել են խոլերայի բռնկումների մասին: Ընդհանուր առմամբ 24 երկրներում այս պահին գրանցվում են խոլերայի դեպքեր:
ԱՀԿ-ի տվյալներով՝ երկրների մեծ մասը, որտեղ խոլերայի բռնկումներ են գրանցվել, գտնվում են Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում։