ԲՏՃՄ ուղղություններով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման նոր համակարգ է սահմանվել
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրման կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծը:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, նախագծի ընդունմամբ կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգի նոր և որակյալ կադրերով ապահովմանը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա նշել է, որ քաղաքացիների կրթության հիմքով տարկետում տրամադրելու գործող ընթացակարգով բակալավրի կրթական ծրագրով սովորելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրվում է համապատասխան օլիմպիադաններում մրցանակակիր լինելու և http://www.shanghairanking.com/ կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում սովորելու համար, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում նաև համապատասխան նվաճումներ ունենալու և կարգով սահմանված նշանակալի նվաճումների հաշվարկի մեթոդաբանությամբ համապատասխան միավորներ ունենալու դեպքում:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նշված ձևաչափով կարգը կիրառվել է ավելի քան 8 անգամ, և արդեն միանշանակորեն կարելի է պնդել, որ գործող կարգավորման կիրառումը խնդրահարույց է.
«Մասնավորապես, ստացվում է այնպես, որ բակալավրի կրթական ծրագրով տարկետման իրավունքով կրթություն ստանալու համար քաղաքացին, եթե օլիմպիադանների մրցանակակիր չէ, ապա պետք է մեկնի արտերկիր սովորելու, որպեսզի ստանա տարկետում:
Նշված կարգավորման պատճառով ՀՀ-ում գործող բուհերը շատ տաղանդավոր ուսանողների համար դառնում են ոչ մրցունակ, որի պատճառով մեր բուհերը կորցնում են լավագույն ուսանողներին, իսկ պետությունը՝ ՀՀ-ում սովորող և ապագայում գիտելիքները գիտության և մասնագիտական ոլորտում կիրառող մի շարք քաղաքացիների: Նշված կարգավորումը նաև սոցիալական անհավասարություն է առաջ բերում, քանի որ շատ քաղաքացիներ, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ՝ նույնիսկ կրթաթոշակի առկայությամբ, բայց ունենալով համապատասխան գիտելիքներ՝ չեն կարողանում տարկետման իրավունքով կրթություն ստանալու հնարավորություն ունենալ: Հետևաբար բակալավրի կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար տարկետում տրամադրելու գործող համակարգը չի նպաստում ՀՀ գիտակրթական համակարգի զարգացմանը, չի ապահովում համապատասխան գիտելիքներով զինված ուժերին զորակոչիկներով համալրումը, ինչպես նաև սոցիալական անհավասարություն է ստեղծում»,- պարզաբանել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին ընտրվել են 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարան և Հայաստանում ամերիկյան համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:
Նշվել է նաև, որ վերջին տարիներին ԲՏՃՄ ուղղություններով ընդհանուր ընդունվողների մոտ 70 տոկոսն արական սեռի քաղաքացիներ են եղել, հետևաբար նշված բուհերի համապատասխան մասնագիտություններով մոտավորապես 140 քաղաքացի կարող է հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:
Սահմանվում է ՀՀ բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության ընթացակարգը, նշված բուհերում համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու և սովորելու պայմանները, որոնք հիմք են հանդիսանում քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելուն: Ըստ նախարարի՝ չեն դիտարկվել ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով դիմորդների մեծ թիվն այս ուղղություններով:
2023-2024 ուսումնական տարվա բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով նախատեսվել են ընդհանուր պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ շուրջ 200 ընդունելության տեղեր: Արդյունքում՝ կգործի կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ունենալու նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ կրթագիտական համակարգը նոր և որակյալ կադրերով ապահովելուն՝ հիմք ընդունելով միջազգային վարկանիշավորման չափանիշները:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը՝ տեխնոլոգիական զարգացմանն ուղղված ռազմավարական նպատակի իրագործման առումով:
«Տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ մենք շատ կոնկրետ քայլեր ենք արել: Վերջին տարիներին գիտության ֆինանսավորումը հսկայական չափերով մեծացել է, կրկնապատկվել է: Ընդ որում՝ մենք նաև հիմա գիտական գործունեության և գիտության մեջ երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրեր ենք իրականացնում: Գիտության կոմիտեի հաշվետվությունը լսելիս ես հասկացա, որ այդ ծրագրերը բավական հաջող ընթացք են ստացել, և մեզ պետք է ապահովել նոր սերնդի ուղղորդումը դեպի գիտություն»,- ասել է Ն.Փաշինյանը:
Նա այդ համատեքստում կարևորել է նաև ընդունելության քննությունների օբյեկտիվության ապահովումը. «Գիտեք, որ նման որոշումները ոլորտում կոռուպցիոն երևույթների զարգացման շատ մեծ իմպուլս են տալիս: Այդ առումով և՛ ԿԳՄՍ նախարարությունը, և՛ իրավապահ մարմինները պետք է ուշադրությամբ հետևեն գործընթացներին»:
Փաշինյանն անդրադարձել է նաև չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունված մեկ այլ որոշման, որով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված քաղաք Երևան, Արամի 44 հասցեում գտնվող անշարժ գույքը 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին: Հիմնադրամը ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պարտավորվել է 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ։ «Սիմոնյան» կրթական հիմնադրամն այդ տարածքում նախատեսում է իրականացնել «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը, որի նպատակներից են հրավիրել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դիզայներական մտքի և խոհարարական արվեստի առաջատար մասնագետներին, ծրագրի մասնակից դարձնել ուսանողներին, պրակտիկանտներին և արհեստավորներին:
Կրթության ոլորտի զարգացման համատեքստում Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ ևս ընդգծել է ակադեմիական քաղաքի նախագծի իրագործման կարևորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան