Իրանը հուսալի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում. Բաղերի
Երևան մեկնած Իրանի արտաքին գործերի փոխնախարարը մամուլի ասուլիսում Իսլամական Հանրապետությունը վստահելի գործընկեր է անվանել խաղաղության և անվտանգության հաստատման գործում։
Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերին հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և Հայաստանը մեծ նշանակություն ունի այդ քաղաքականության մեջ։
Բաղերին հայտարարել է, որ Հայաստանի պաշտոնյաների հետ քննարկվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հարցում Իրանի հաստատակամ դիրքորոշումը՝ հավելելով, որ Իրանը միշտ հուսալի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում։
Բաղերին հավելել է. «Տարածաշրջանի երկրներն իրենք են խաղաղության և կայունության երաշխավորները, իսկ արտաքին ուժերի ներկայությունը չի կարող երաշխավորել կայունությունն ու խաղաղությունը, քանի որ այդ ուժերն այլ նպատակներ են հետապնդում»։