Կառավարությունն օրենքով գործատուներին կպարտավորեցնի վճարել վարժական հավաքներին մասնակցող աշխատակիցներին
«Գործող կարգավորումներով՝ պետական և մասնավոր ոլորտում գործատուն չունի պարտավորություն աշխատավարձ վճարել այն աշխատողին, որը մասնակցում է վարժական հավաքների, միայն սահմանված է, որ այդ ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է քաղաքացու աշխատատեղը և պաշտոնը»,-գործադիրի նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ զեկուցելով Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Տեղեկացնելով, որ գործող կարգավորումներով քաղաքացուն հաշվարկում են նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը՝ Մկրտչայնն ասաց, որ նախագծով առաջարկվում է աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար վճարել աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայողի հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը:
«Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը կազմում է 200 հազար դրամ, և նա ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում ՊՆ-ից ստանում է 80 հազար դրամ, ապա գործատուն պարտավորվում է մնացած հատվածը, այսինքն՝ առնվազն 120 հազար դրամը, վճարել»,-բացատրեց նախարարը:
Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարելով, որ որոշ դեպքերում պետությունը վարժական հավաքներին մասնակցողներին ավելի քիչ է վճարում, քան նրա հիմնական աշխատավարձն է՝ հավելեց. «Հաշվի առնելով, որ նաև ընդհանուր առմամբ զորահավաքային պատրաստությունը շատ կարևոր է երկրի անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ կարծում եմ, որ այդ հարցով կառավարության հետ զուգահեռ, նույնչափ պետք է հետաքրքրված և շահագրգռված լինեն և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտի կազմակերպությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Գործադիրը 2023-2024 ուստարվա համար 5 ԲՈւՀ-ի 200 անվճար և բանակից տարեկետում ենթադրող տեղ հատկացրեց
- Խաղաղության պայմանագիր լինելու է՝ մինչ օրս ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. Նիկոլ Փաշինյան
- Պետբյուջեից 1 մլրդ 448 մլն դրամ հատկացվեց համայնքների14 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
- Սա Ադրբեջանի կողմից բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում է. Նիկոլ Փաշինյան
- ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան