Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել. Աբրահամյան
«Այն, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելացել են, հատկապես ավելացել են Արցախի շփման գծի ուղղությամբ, ակնհայտ են։ Ընդ որում, Արցախում հրադադարի ռեժիմի խախտումներն արտահայտվում են քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակահերթերով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ պետք է խորը ուսումնասիրություն անել՝ հասկանալու սահմանին, շփման գծում տեղաշարժերի, կուտակումների վտանգավորությունը, ինչ նպատակներ են դրանք հետապնդում։
«Միայն շարժերի իրականացումը դեռ չի նշանակում մարտական գործողությունների նախապատրաստում»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Տ.Աբրահամյանի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Արցախի ուղղությամբ տեղի ունեցած հարձակումները ցույց են տվել, որ, հաշվի առնելով առաջնագծի բավականին խտացված լինելը սպառազինության և զորքերի տեսանկյունից, բավականին կարճ ժամանակում հնարավոր է զորքերի տեղաշարժ, համապատասխան խնդիրների առաջադրում ու միանգամից իրավիճակի թեժացում։
«Այս պահին առաջնագծում մարտական գործողությունների վերսկսման հավանականությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակով։ Մասնավորապես, Հայաստանի իշխանության կողմից հայտարարված այն մոտեցմամբ, որ Ադրբեջանը հետ է կանգնել վերջին շրջանում ձեռք բերված պայմանավորվածություններից, առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնց դեպքում այլևս բանակցելու հնարավորություն չկա, այն տեսանկյունից, որ հատվում են Հայաստանի համար բոլոր կարմիր գծերը։
Իմ կարծիքով, դրանք բավականին վաղ էին հատվել, բայց իրավիճակն է, ըստ էության, շատ նման փակուղայինի, ինչը, բնականաբար, այս դեպքում մեծացնում է հնարավոր մարտական գործողությունների հավանականությունը»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն մեկ պատճառ կարող է լինել՝ եթե Հայաստանն ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից, այսինքն համաձայնվի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որոնք ներկայացրել է Ադրբեջանը։
«Հայաստանի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ զիջումների է գնացել ոչ միայն քաղաքական մակարդակում, բայց այն, ինչ այս պահին ներկայացնում է Ադրբեջանը, լուրջ հարված ու կորուստ է ոչ միայն Արցախին ու Հայաստանին, կարծում եմ, լուրջ խնդիրներ է նաև առաջացնելու իշխանության համար երկրի ներսում, քանի որ այդ պահանջների ընդունումից հետո երկրում իրավիճակը պարզապես կարող է վերածվել քաոսի, անվերահսկելի վիճակի»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին