Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձը կպահպանվի․ «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն այսօր Կառավարության նիստում հավանության է արժանացել։
ԱՍՀ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, գործող կարգավորումներով՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը։ Նախագծի ընդունմամբ՝ աշխատողին մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքների ներգրավելիս՝ գործատուի կողմից յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կվճարվի աշխատողի հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ Օրինակ՝ եթե աշխատողի հիմնական աշխատավարձը 200 հազար դրամ է, վերջինս ներգրավվում է վարժական հավաքների և դրա դիմաց որպես դրամական հատուցում Պաշտպանության նախարարության կողմից ստանում է դիցուք՝ 80 հազար դրամ, ապա գործատուն կպարտավորվի վճարել աշխատավարձից դրական տարբերությունը, այսինքն՝ նշված դեպքում առնվազն 120 հազար դրամ։
Այսպիսով՝ նախագիծը հնարավորություն կտա վարժական հավաքներին ներգրավված աշխատողների աշխատավարձը պահպանել ամբողջությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Վարժական հավաքների» անվան տակ պետությունը քաղաքացիներին փաստացի ներգավում է մեկ այլ «պարտադիր զինվորական ծառայության»․ «Թաթոյան» հիմնադրամ
- Վարժական հավաքից խուսափած քաղաքացին կալանավորվել է
- Վարժական հավաքներն ու դրանց հնարավոր արդյունքը
- Կառավարության այսօրվա նիստում վարժական եռամսյա հավաքներ անցկացնելու որոշում կընդունվի