Ախալքալաքի կարտոֆիլը կրկին պահեստում է մնում
Ախալքալաքի մունիցիպալիտետում կրկին արդիական է դարձել կարտոֆիլի իրացման հարցը։ Կարտոֆիլը չի վաճառվում, գնորդներ չկան, գինն ընկել է: Jnews-ը գրում է, որ գյուղերում ֆերմերները գնորդների սպասման մեջ են: Ինչքան գյուղը կենտրոնից հեռու է, այդքան կարտոֆիլի իրացման հետ կապված իրավիճակը բարդանում է։
Ֆերմերները հույս ունեն, որ իրենց, այնուամենայնիվ, կհաջողվի կարտոֆիլը վաճառել մինչև ցանքսի սկսվելը։
Ագանա գյուղից գյուղատնտես, ֆերմեր Արշալույս Գալստյանը կարծում է, որ շուկայի հիմնական սկզբունքը պահպանված չէ, կարտոֆիլի շուկայում ավելի շատ առաջարկ կա, քան պահանջարկ։ Այս սկզբունքի պահպանումը կախված է բազմաթիվ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններից։
«Ագանան քաղաքից հեռու գյուղ է, մինչև քաղաքին մոտ գյուղերը չվաճառեն, գնորդները մեզ մոտ չեն բարձրանա, մեր գյուղում կարտոֆիլը շատ է: Ֆերմերները հույս ունեն, որ մինչև հունիս կվաճառեն»,- ասել է նա։
Քաղաքին մոտ գյուղերը ևս կանգնած են իրացման խնդրի առջև, գնորդները քիչ են։ Ամանորից հետո՝ փետրվարի սկզբին, երկու շաբաթ նկատվում էր Ախալքալաքի կարտոֆիլ գնող վերավաճառողների ակտիվությունը, սակայն ակտիվությունը երկար չտևեց։ Հիմա քիչ թե շատ սերմացու կարտոֆիլն է վաճառվում։
Գրեթե ամեն տարի Ախալքալաքում արդիական է դառնում կարտոֆիլի իրացման խնդիրը, սակայն այս խնդրի պատճառներն ու հնարավոր լուծումները դեռ մշակված չեն։