Չեք գտնի որևէ շրջաբերական, որով դպրոցներին ասվել է՝ դադարեցնել ռազմահայրենասիրական պարապմունքները. նախարար
ԿԳՄՍ նախարարության կողմից դուք չեք գտնի որևէ գրություն, նամակ, շրջաբերական, որով որևէ դպրոցի ասվել է՝ դադարեցնեն ռազմահայրենասիրական պարապմունքները։ Այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Չի եղել նման գրություն, դա պարզ, կեղծ տեղեկատվություն է, որ միտումնավոր տարածվեց՝ նպատակ ունենալով թիրախավորել և ձևավորել այնպիսի պատկերացում, որ այստեղ նստած են ազգադավ մարդիկ, որոնց միակ նպատակը մեր դպրոցը քանդելն է։ Խորհուրդ եմ տալիս այդ մարդկանց գնալ, տեսնել՝ ինչ են արել այդ դպրոցների հետ տարիներ շարունակ, մեր աչքերի առաջ, մեր լռության առաջ։ Դպրոցներում բոլոր պարապմունքներն ու խմբակները շարունակում են՝ ինչպես կարգն է»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ խեղաթյուրվել է այն, որ քննարկվել է ռազմական նշանակության կազմավորումները չտեղակայել ուսումնական շենքերում։
«Դա առաջին հերթին վտանգ է ներկայացնում ուսումնական հաստատության աշխատակիցների ու երեխաների համար։ Սա միջազգային հռչագրով է, որին Հայաստանը միացել է 2017թ-ին»,- ասաց նա։