Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ են տրվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Գ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիներ Ս. Թ.-ին և Ռ. Հ.-ին ուղղորդել են ՃՈ տեսուչին կաշառք տալու դիմաց ձևական բնույթ կրող քննություններով վարորդական վկայականներ ստանալու հարցում: Այնուհետև հիշյալ քաղաքացիները Ս. Գ.-ի և Հ. Հ.-ի միջոցով որպես կաշառք ընդհանուր շուրջ 390.000 ՀՀ դրամ են փոխանցել ՃՈ ավագ տեսուչ Է. Խ.-ին:
Կաշառքի գումարը ստանալուց հետո տեսուչ Է. Խ.-ն, շահադիտական դրդումներից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ, այն է՝ տեսական քննության ժամանակ վերը նշված դիմորդներին թույլատրել է օգտագործել տեխնիկական միջոցներ և դրանցով կապ հաստատել Ս. Գ.-ի հետ, ով նրանց թելադրել է տեսական քննության թեստի ճիշտ պատասխանները:
Այնուհետև Է. Խ.-ն կազմել է կաշառք տված անձանց կողմից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ:
Քրեական վարույթի շրջանակում ՃՈ տեսուչ Է. Խ.-ն, ինչպես նաև Ս. Գ.-ն, Հ. Հ.-ն և դեպքին առնչվող մի շարք այլ անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից:
23.03.2023թ.-ին Է. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և 308-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Մեղադրանք է ներկայացվել նաև Ս. Գ.-ին՝ արարքի կատարման պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ):
Նույն օրը քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ Է. Խ.-ի և Ս. Գ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որոնք բավարարվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան