Սննդի սղության պատճառով Արցախի Չափար համայնքում դադարեցվել են «Երկարօրյա դպրոց»-ի պարապմունքները
Շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չափար համայնքում, սննդի սղությամբ պայմանավորված, դադարեցվել է «Երկարօրյա դպրոց»-ի պարապմունքները։ Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Չափարի դպրոցի տնօրեն Իրինա Սևումյանը։
«Անցած տարվա դեկտեմբերից առ այսօր դպրոցում չի գործում «Երկարօրյա դպրոց» ծրագիրը, որում ընդգրկված էր երկու խումբ՝ միջին և տարրական։ Աշխատում էր երկու ուսուցիչ։ Պետք է նշեմ, որ «Երկարօրյան» կարևոր ձեռքբերում է թե՛ կրթօջախի, թե՛ ամբողջ համայնքի համար։ Այն շատ էր օգնում աշխատող ծնողներին, իսկ ուսուցիչները կարողանում էին շատ ժամանակ անցկացնել աշակերտների հետ ու ավելին սովորեցնել։ Աշակերտներն էլ օգտակար զբաղմունք ունեին և արդյունավետ էին անցկացնում ժամանակը։ Ծրագրի շրջանակներում աշակերտները հաճախակի էին այցելում գյուղի արհեստավորներին, մեղվաբույծներին։ Արդյունքում ստացած գիտելիքները փորձում էին կիրառել դպրոցում»,-պատմել է տնօրենը։
Նրա խոսքով՝ դպրոցի շենքը կառուցվել է 2014 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։
«Դպրոցի նախկին շենքը խարխուլ վիճակում էր, իսկ ուսումնական գործընթացի կազմակերպումը՝ բավականին դժվար։ Շենքային նոր պայմաններում պատկերը լրիվությամբ փոխվել է։ Կրթօջախը համալրված է մասնագետներով։ Դասասենյակներն անվանակոչված են Արցախյան առաջին պատերազմում նահատակված համագյուղացիների անուններով»,-նշել է դպրոցի տնօրենը՝ շեշտելով, որ աշակերտները շատ են սիրում իրենց ծննդավայրը Չափարն ու Արցախ աշխարհը, որին ամուր կառչելու ոգով և հայրենյաց պաշտպան հերոսների պատգամներով են կրթվում ու դաստիարակվում կրթօջախում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան