Լիպարիտ Ավետիսյանն ելույթ է ունեցել աշխարհի լավագույն թատրոններից մեկում՝ լեգենդար Տեատրո Կոլոնում
Հայազգի անվանի տենոր Լիպարիտ Ավետիսյանը ելույթ է ունեցել աշխարհի լավագույն թատրոններից մեկում՝ Բուենոս Այրեսի Կոլոն թատրոնում:
Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայում մարտի 14, 16, 19 և 21-ին կայացել է Լիպարիտ Ավետիսյանի առաջնախաղը Կոլոն թատրոնում` Ֆաուստի դերերգով: Հեղինակավոր MusicaClasicaBA ամսագիրը գրում է. «Ֆաուստը, երիտասարդ հայ տենոր Լիպարիտ Ավետիսյանը, տիրապետում է գեղեցիկ քնարական ձայնի, որն օժտված է բնական հնչեղությամբ: Նա գերազանց կերպով ցուցադրում է իր վոկալ կարողությունները և լավագույնս է ներկայացնում այն ամենը, ինչ պահանջում է թե՛ երաժշտական պարտիտուրը, թե՛ դրամատիկ կերպարը» (MusicaClasicaBA, 17.03.2023):
Մեկ այլ պարբերականում նշվում է, որ Լիպարիտ Ավետիսյանը բացեց երեկոն «Salut Ô mon dernier matin» արիայի արժանի կատարմամբ և շարունակեց դերը, ցուցադրելով բարձր վարպետություն, ինչն առավել վառ արտահայտվեց դերերգի ամենաքնարական հատվածներում, ինչպիսին է դյութիչ «Salut demeure»-ը, որը հորդում էր այնպես ազատ ու թեթև, ինչպես պահանջում է պարտիտուրը (Clarín.com 15.03.2023):
Գյոթեի փիլիսոփայական դրամայի հիման վրա գրված Շառլ Գունոյի համանուն «Ֆաուստ» օպերայով Կոլոն թատրոնը բացել է իր թատերաշրջանը: Այն հինգ գործողությամբ ֆրանսիական գրանդ օպերա է՝ բալետային տեսարաններով և հզոր երգչախմբով: Ներկայացման բեմադրող ռեժիսորը, սցենարիստը, խորեոգրաֆը, հագուստների և լույսերի նկարիչը մեր օրերի ամենապահանջված մասնագետներից իտալացի Ստեֆանո Պոդան է, իսկ երաժշտական ղեկավարը՝ բրիտանացի դիրիժոր Յան Լաթամ-Քոենիգը: Մեֆիստոֆելի դերում հանդես է եկել ռուս հզոր բաս Ալեքսեյ Տիխոմիրովը, իսկ Մարգարիտի դերում՝ ռումինացի սոպրանո Անիտա Հարթինգը, ով տպավորիչ միջազգային կարիերա է կերտում: Ներկայացումը բեմադրված է աբստրակտ, պոետիկ ոճով, այն հարուստ է սիմվոլիկ, փիլիսոփայական և լիտուրգիական էլեմենտներով:
Հաղորդագրության համաձայն, 2022-23թթ. թատերաշրջանում Լիպարիտ Ավտիսյանն արտերկրում հանդես է եկել Semperoper Dresden-ում, Մարիինյան թատրոնում (Ալֆրեդո, «Տրավիատա»), Թուլուզի Théâtre du Capitole -ում (Ռոդոլֆո, «Բոհեմ»), Բոլշոյում (Կոմս Ալմավիվա, «Սևիլյան սափրիչ»): Առաջիկայում հանդես կգա Գլայնդբորնի փառատոնում (Նեմորինո, «Սիրո ըմպելիք») և Թագավորական օպերային թատրոնում, Քովենթ Գարդեն (Ալֆրեդո, «Տրավիատա»):
Ապրիլի 11-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնում կկայանա Լիպարիտ Ավետիսյանի մենահամերգը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին