Վրաստանում չորս պատգամավոր զրկվել են մանդատներից՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքին չաջակցելու համար
Վրաստանի խորհրդարանը ուրբաթ օրը կայացած նիստում պատգամավորական մանդատից զրկել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչներ Իրակլի Կովզանաձեին, Գիորգի Խելաշվիլիին, Վլադիմիր Չաչիբաիային և Նինո Իոբաշվիլիին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
Ընթացակարգային հարցերի և խորհրդարանական կանոնակարգերի հանձնաժողովի ղեկավար Իրակլի Կադագիշվիլին ուրբաթ օրը ավելի վաղ ասել էր, որ Չաչիբայան և Իոբաշվիլին կնշանակվեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խորհրդականներ, իսկ Խելաշվիլին կդառնա խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի խորհրդականը։
Կովզանաձեն, Խելաշվիլին, Չաչիբայան և Իոբաշվիլին իշխող կուսակցության պատգամավորներ են, որոնք մարտի 7-ին առաջին ընթերցմամբ կողմ չէին քվեարկել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին։ Նրանցից բացի, նախաձեռնությունը չի պաշտպանել Առողջապահության նախկին նախարար, խորհրդարանի փոխխոսնակ Դավիթ Սերգեենկոն։ Վրացական լրատվամիջոցները հայտնում են, որ նա ծրագրում է լքել խորհրդարանը։
«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն բազմիցս հայտարարել է, որ պատգամավորների հեռանալով իշխող խորհրդարանական խմբակցությունը չի սպառնում քայքայվել, քանի որ նրանց տեղերը կզբաղեցնեն 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված նույն կուսակցության անդամները։
Հարակից հրապարակումներ`
- «Օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունումը բացասաբար կանդրադառնար հայկական լրատվամիջոցների վրա. ԶԼՄ-ների ղեկավարներ
- Օտարերկրյա գործակալների մասին օրենքի չեղարկումից հետո ԵՀ-ն պատրաստ է կրկին աջակցել Վրաստանին
- Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը
- Վրաստանի նախագահը խոսել է երկրում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի վտանգների մասին