Բազմաթիվ ֆիլմերի ժավապեններ այսօր վտանգված են. Ազգային կինոկենտրոնի տնօրեն
«Բազմաթիվ ֆիլմերի ժավապեններ այսօր վտանգված են, քանի որ Հայաստանում պահպանման ձևաչափը միջազգային չափանիշներին չի համապատասխանում»,- ասուլիսում ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։
Նրա խոսքով, եթե նույնիսկ բարենպաստ պայմաններ լինեն, անհրաժեշտ է այդ ժավապենները սկանավորել, վերականգնել ու թվայնացնել, հանրայնացնել ամբողջ արխիվը։
«Դա շատ մեծ աշխատանք է, ծավալը բավականին մեծ է։ Պատկերացնում եք՝ 100 տարվա ընթացքում տարբեր ժանրերի ինչքան ֆիլմեր են ստեղծվել», - ասաց Շ.Միրզախանյանը։
Նա նշեց, որ Հայաստանում անհրաժեշտ է ստեղծել ինստիտուտ, կրթել մասնգետներ ու հենց այստեղ վերականգնել հայկական ֆիլմերը, եթե իհարկե, լինեն տեխնիկական հնարավորություններ։
Ասուլիսին ներկա Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանն ասաց, որ ժապավենային նյութը պետք է պահպանվի հատուկ ջերմակլիմայական պայմաններում, անընդհատ հետևողական կերպով պետք է վերահսկվի դրանց վիճակը։
«Ժապավենները որոշակի ժամկետ ունենք։ Մենք պայքարում ենք ժամանակի դեմ, որպեսզի այդ ժապավենները հնարավորինս երկար կյանք ունենան»,- նշեց նա։
Վիգեն Գալստյանի խոսքով, ֆիլմերի թվայանացումը միայն պահպանման խնդիր չի լուծում, անհրաժեշտ է այդ ֆիլմերը հանդիսատեսին հասանելի դարձնել, նաև ցուցադրվեն արտերկրում, դուրս գան հոսքային հարթակներ, հայտնվեն համացանցում։
«Այսօր մեր մշակույթի հանրայնացումն առաջնահերթ քաղաքական խնդիր է», - ընդգծեց նա։
Նրա խոսքով, կինոն այն կատարյալ արվեստի միջոցն է, որը կարողանում է ամբողջացնել և իմի բերել տարատեսակ պատկերացումներ, թե ով ենք մենք. «Կարևորագույն լեզու է, որը խոսում է ինքներս մեզ հետ մեր մասին»։
Շուշանիկ Միրզախանյանը հայտնեց, որ 2023 թվականը Հայ կինոյի 100-ամյակն է, մեկնարկը Հայաստանում կլինի ապրիլի 16-ին, միջազգային մեկնարկն արդեն տրված է Ֆրանսիայում՝ Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնում, որի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան