Երբեք չէի լսել Անդրանիկ Մարգարյանից, որ վատաբանի իր նախորդներին, իր պատասխանատվությունն ու մեղքը գցի ուրիշի գրպանը. Շարմազանով
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։ ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու ընկերները, ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին Անդրանիկ Մարգարյանի հիշատակին։
Լրագրողի հարցին՝ Անդրանիկ Մարգարյանը հայրենանվեր գործչի օրինակն էր, ինչո՞ւ են այսօր իշխանություններն անհաշտ այս տեսակի հետ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Իրենց հարցրեք»։
Մեկ այլ հարցին, թե 2018 թվականին չկայի՞ն այնպիսի խնդիրներ, որոնցից օգտվեցին այսօրվա իշխանությունները և եկան իշխանության, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ամեն ինչ էլ կար, օգտվեցին ու եկան»։
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Անդրանիկ Մարգարյանը գործով է ապացուցել՝ հայրենասիրությունը գործ է, վարչապետ լինելը պատասխանատվություն է, ոչ թե նախկիններից խոսել է։
«Իր ամբողջ կյանքով ապացուցել է, որ ինքը պետականության, անկախության ջատագով է. այդպիսին է եղել 60-ականներից սկսած, երբ անդամակցել է Ազգային Միացյալ կուսակցությանը, նույնիսկ խորհրդային տարիներն պայքարել է հանուն Հայաստանի անկախության վերականգման համար, Արցախյան պատերազմի ժամանակ առաջիններից էր, որ Թաթուլ Կրպեյանի հետ միասին գնաց Գետաշեն։
Նա երբեք չի տրտնջացել, մեծարել է մինչև իրեն իրականացված բոլոր գործերը, նա շարունակականություն է ապահովել։ Լինելով Անդրանիկ Մարգարյանի օգնականը՝ երբեք չէի լսել նրանից, որ վատաբանի իր նախորդներին, իր պատասխանատվությունն ու մեղքը գցի ուրիշի գրպանը։ Ընդհակառակը, նա լուռ վերցրել է պատասխանատվության բեռն ու հանդուրժողականության, համերաշխության ու պետականության գիտակցումով առաջ է գնացել»,- ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց, որ Ա. Մարգարյանը բոլոր խնդիրների լուծումը տեսնում էր ուժեղ, ազգային պետականության մեջ։
Անդրանիկ Մարգարյանը քաղաքականությամբ զբաղվել է 1965թ -ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային Միացյալ Կուսակցության անդամ, 1973 թ.-ից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։
Հանդես է եկել խորհրդային տոտալիտար համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանության դիրքերից և հայ ժողովրդի ապագան տեսել ժողովրդավարական, անկախ պետության առկայության պայմաններում: Իր գաղափարների տարածման և ծավալած գործունեության համար 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման:
1992թ-ից Հայաստանի Հանրապետությունում առաջին գրանցված և Ազգային Միացյալ կուսակցության գաղափարական ժառանգորդ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ էր, 1993-1997 և 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ:
1997-98թթ. եղել է ՀՀԿ նախագահ, 2005թ-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ:
2000-2007թթ. եղել է ՀՀ վարչապետ։
2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան