Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.
«Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում:
Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ հաշվի առնելով տվյալ փաստաթղթով նրանց ստանձնած առաքելությունն ու գործառույթները: Իշխանությունները ակնկալում են խաղաղապահ զորակազմից գործնական քայլեր ձեռնարկել տվյալ խախտման հետևանքների վերացման ու նոր խախտումների կանխարգելման նպատակով:
Ադրբեջանական կողմի կեղծ պնդումը Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր լեռնային ճանապարհը իբր զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին պարզապես պատրվակ է իրենց հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների իրականացման համար: Այդ նույն պնդմամբ նրանք մարտի 5-ին հարձակվեցին ու սպանեցին ծառայողական պարտականությունները կատարող երեք ոստիկանի և վիրավորեցին ևս մեկին:
Արցախի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ դեկտեմբերի 12-ից մեկնարկած շրջափակման պայմաններում տվյալ լեռնային ճանապարհն օգտագործվում է Ստեփանակերտի և Շուշիի շրջանի չորս համայնքների միջև քաղաքացիական ու հրատապ հաղորդակցության կազմակերպման համար, ինչն իրականացվում է բարձր մեքենաներով՝ հաշվի առնելով տեղանքի խիստ բարդ ու վտանգավոր ռելիեֆը:
Իսկ Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որևէ վտանգ չի ներկայացնում որևէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները»:
Հարակից հրապարակումներ`
- Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երեք խախտում. ՌԴ ՊՆ
- Չնայած Հայաստանի գործադրած կառուցողական ջանքերին, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյան
- Երեկ և այսօր Ադրբեջանը կրակել է Մաճկալաշենի խաղողայգիներում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
- Հաշվի առնելով մարտի 5-ի դիվերսիոն հարձակումը՝ ռուսական կողմն ապահովել է քաղաքացիական անձանց ու բեռների անվտանգ տեղաշարժը. Արցախի ՆԳՆ
- ՌԴ խաղաղապահները հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրվել Մարտունու շրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան