ՀԲ-ի 100 միլիոն դոլարի վարկը խթանելու է կանաչ, դիմակայուն և ներառական զարգացումը Հայաստանում
Համաշխարհային բանկի խորհուրդն մարտի 24-ին հաստատել է նոր՝ 92.3 միլիոն եվրոյի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկ՝ Հայաստանի կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության գործառնության (ԶՔԳ) համար։ Այս մասին հայտնում են Հայաստանում Համաշխարհային բանկի մամուլի ծառայությունից։
Գործառնությունն օժանդակում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրին և նպատակաուղղված է կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման խթանմանը՝ բարելավելով շրջակա միջավայրի կառավարումը կարգավորող դաշտը՝ կլիմայական փոփոխության ճնշումների մեղմացման և դրանց հարմարվելու հարցում Հայաստանին օգնելու համար, մեծացնելով հավասարությունը և խթանելով մարդկային կապիտալի զարգացումը և օժանդակելով հակակոռուպցիոն գործողությունների շրջանակին և արդարադատության ոլորտի արդյունավետությանը։
«Այս գործառնությունը կառավարության կողմից բարեփոխումների՝ աճն ավելի ներառական և կայուն դարձնելու հանձնառության վկայությունն է։ Գործառնությունն օժանդակում է Հայաստանի մարդկային կապիտալին սատարող կարևորագույն բարեփոխումներին, այդ թվում՝ կրթության ռազմավարության ընդունմանը և սոցիալական աջակցության հասցեականության բարձրացմանը։ Առաջին անգամն է, որ Համաշխարհային բանկի բյուջետային աջակցության գործառնությունը Հայաստանում ընդգրկում է նաև երկրին՝ կլիմայական փոփոխության մեծացող ճնշումների մեղմացման և հարմարվողականության ջանքերում աջակցելու բարեփոխումներ»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։
Սույն գործառնությամբ աջակցություն ստացող առանցքային բարեփոխումները համահունչ են Համաշխարհային բանկի՝ Երկրի հետ գործընկերության 2019-2023 թվականների շրջանակին։ Դրանց թվում են՝ հանրային ներդրումների կառավարման կառուցվածքի բարեփոխումը՝ կլիմայական տեսանկյունից հանրային ներդրումների համակարգված նախնական ընտրությունն ապահովելու համար, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» (ՇՄԱԳ) և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» (ՄՕՊ) օրենքների փոփոխությունը, սոցիալական աջակցության հասցեականության բարձրացման համար նոր համակարգի գործարկումը, կրթության ուսումնական ծրագրի արդիականացումը, այդ թվում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի (ԲՏՃՄ) և կանաչ կրթության, և հաշտարարության ու արբիտրաժի մասին օրենքների լրամշակումը՝ արդարադատության համակարգին ավելի բարձր արդյունավետությամբ գործելու հնարավորություն տալու համար։
92.3 միլիոն եվրոյի (100 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք) վարկը փոփոխական սփռվածքով (սփրեդ) ՎԶՄԲ ճկուն վարկ է՝ հինգ տարի արտոնյալ ժամկետով և 19 տարի մարման ընդհանուր ժամկետով։ Սա ծրագրային շարքի առաջին գործառնությունն է և աջակցություն է ստանում ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների) միջազգային զարգացման հիմնադրամի (գխամասային գրասենյակը` Վիեննա, Ավստրիա) տրամադրած 50 միլիոն եվրոյի (53.7 միլիոն դոլար) զուգահեռ ֆինանսավորմամբ։
1992 թվականին Համաշխարհային բանկին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2․53 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան