Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրն է
Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրը։
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր:Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը:
4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»:
Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան