Մարիա Դուենյասը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ
Ապրիլի 4-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա 2021թ․ Մենուհինի անվան ջութակի մրցույթի 1-ին մրցանակակիր, երիտասարդ ջութակահարուհի Մարիա Դուենյասը՝ ներկայացնելով Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։
Մենուհինի անվան ջութակի մրցույթում իսպանացի ջութակահարուհին արժանացել է նաև «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, ինչպես նաև Ստրադիվարիուսի «ոսկեդարյան» շրջանի ջութակի փոխառության իրավունքի։
2022թ․ Մարիա Դուենյասը կնքել է բացառիկ պայմանագիր Deutsche Grammophon-ի հետ և սկավառակների ժողովածուների թողարկումը կսկսի Բեթհովենի Ջութակի կոնցերտի ձայնագրությամբ։
Ապրիլի 4-ին կայանալիք համերգի ծրագրում նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Յոհաննես Բրամսի Վարիացիաները Յոզեֆ Հայդնի թեմայով։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։