Չեսարի դարպասը. Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները
ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Պատմական միջավայրի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները հերթական շրջայցն են իրականացրել մարզի պատմական հուշարձանների տարածքներում։ ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ուսումնասիրվել է Հորս գյուղում գտնվող Չեսարի դարպասը, որը հայտնի է նաև Իշխան Չեսար Օրբելյանի ապարանք անունով։ Շրջայցի ընթացքում իրավախախտման դեպք չի արձանագրվել։
XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկի սյուների բեկորները և հսկա քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը այսօր էլ պահպանվում են:
Չեսարի դարպասի (Չեսարի ապարանք) վերաբերյալ վկայություններ են հասել դեռևս Ստեփանոս Օրբելյանի ուսումնասիրություններից։
Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները։
Իշխանական ապարանքը բաղկացած է եղել երկու մասից` բուն տունը և դրա առաջին սրահը: Տունը ծածկված է եղել փայտյա գերաններով, որոնք հենվել են չորս քարե սյուների վրա:
Պահպանվել են այդ սյուների բեկորները, քանդակազարդ, ծաղկահյուս հիմքերը, կամարակապ դռան երկու կողմերում գտնվող չորսական պատուհանները, որոնք նույնպես կամարակապ են և կարծես երկհարկ լինեն:
Վիմագիր արձանագրությունների մեջ հիշատակված է ինչպես Չեսար իշխանը, այնպես էլ նրա կին Խորիշահը:
Տունը կառուցված է եղել սրբատաշ կրաշաղախ քարով և պահպանվել մինչև XX դարի կեսերը: