Վրաստանի կին պատգամավորները դատապարտել են հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի նկատմամբ իրականացվող հետապնդումը
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական ոտնձգությունների կամ այլ տեսակի իրավունքների ոտնահարման են ենթարկվել։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը ստորագրել են Անա Նացվլիշվիլին, Թեոնա Ակուբարդիան, Խատիա Դեկանոիձեն, Անա Բուչուկուրին, Խաթունա Սամնիձեն, Անի Ծիթլիձեն, Սալոմե Սամադաշվիլին, Թամար Կորձայան։
Պատգամավորները պահանջում են քննչական մարմիններից ուսումնասիրել և իրավական գնահատական տալ հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի նկատմամբ իրականացվող հետապնդմանը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այս և ենթադրյալ ոտնձգությունների փաստերի վերաբերյալ կառավարչական թիմի ղեկավարների հայտարարությունները, որոնց մասին վերջին օրերին խոսել են ևս 4 կանայք։ Նրանք նաև հրապարակայնորեն մերկացրել են Շալվա Ռամիշվիլիին, որը ոտնձգությունների համար արդեն դատապարտվել է Թաթիա Սամխարաձեի գործով երկու ատյանների դատարանների կողմից։
Վերջին օրերին իշխանությունները դուրս են եկել լռության այն փուլից, որը մենք տեսել ենք այլ դեպքերում, և բացահայտորեն աջակցում են հետապնդողներին, իսկ բռնության և խտրականության բոլոր զոհերին հորդորում են լռել։ Մեզ համար հատկապես անընդունելի է, որ կառավարության ներկայացուցիչներն օգտագործել են խորհրդարանական ամբիոնը՝ այս հաղորդագրությունը տարածելու համար։ Նաև անընդունելի է խորհրդարանի գենդերային հավասարության խորհրդի նախագահի դիրքորոշումը, որը հատուկ պատասխանատվություն է կրում ոչ միայն կանանց իրավունքների պաշտպանության իրավական դաշտի բարելավման, այլև օրենքների գործնական կիրառման համար համապատասխան միջավայրի ստեղծման համար»,- նշված է պատգամավորների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է ընդդիմադիր «Լելոն»։
Նրանք նաև Վրաստանի հանրային պաշտպանին կոչ են անում հայտնել իր հրապարակային դիրքորոշումն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ.
«Միաժամանակ կոչ ենք անում նրան իրականացնել օրենքով և իր մանդատով նախատեսված իրավական պատասխանը՝ պաշտպանել Թաթիա Սամխարաձեի իրավունքները, քանի որ խտրականությունն արգելող օրենսդրության շարունակական խախտում է տեղի ունենում։ Մասնավորապես, Թաթիա Սամխարաձեն հետապնդվում է իր հանդեպ սեռական ոտնձգության փաստը բացահայտելու և դատարանում վեճը շահելու համար»: