Քաղաքապետարանը Թամանյանի պատվին այլ ծառ չգտավ, քան ճապոնական սակուրան
«Պարոն Բեգոյան, կոնիչիուա, պարո՛ն Բեգոյան»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանին դիմեց Տիգրան Ավինյանը:
Վերջինս ՀՈԱԿ-ի տնօրենին առաջարկեց ներկայացնել Երևանում իրականացված ծառահատումների թեման։
Արմեն Բեգոյանը հայտնեց, որ ծառերի փոխարինման խնրդով փետրվարի 23-ին կազմակերպվել է գիտաժողով, որին մասնակցել են ոլորտի բարձր գիտական կոչում ունեցող մասնագետներ և քննարկվել են կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտվող, դեֆորմացված և ինվազիվ ծառատեսակների խնդիրը:
«Բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին որոշում, կրկնում եմ՝ միաձայն, ավելին, հորդորեցին մեզ՝ օր առաջ սկսել կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող, դեֆորմացված, ինվազիվ ծառերի փոխարինման աշխատանքները»,-հատրարարեց Բեգոյանը։
Նրա խոսքով՝ մարտի 23-ին Մոսկովյան փողոցում մեկնարկել է աշխատանքների առաջին փուլը։
«Այդ փողոցն էր ընտրվել, որովհետև նախնական ծրագրով այնտեղ նախատեսված էին սակուրա ծառատեսակներ, որոնք գտնվում էին նախածաղկման փուլում»,-ասաց տնօրենը և տեղեկացրեց, որ քաղաքապետարանի գնած ծառատեսակների մեջ սակուրան կազմում է 4-5%՝ նախատեսված 2500 ծառից 150 է եղել սակուրա, իսկ այլ հատվածներում ամենամեծ չափաքանակով պետք է տնկվեն ավելի մեծ սաղարթով ծառեր՝ սոսիներ, կաղնիներ և այլն։
Արմեն Բեգոյանը հայտարարեց, որ միտումնավոր խնդիրն ուռճացրել է Երևանի ավագանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը, որը մասնագիտութամբ մանկաբույժ է:
Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ սակուրաներ միայն Ճապոնիայում չեն, այլև՝ Վաշինգտոնում, որոնք, իրապես, շատ գեղեցիկ ծառեր են։
«Եթե ճապոնացիները կարողացել են սակուրա տեսակը, որը բալենի է, ծաղկելը ստանալ և միրգը չստանալ, վստահաբար մենք էլ կարող ենք անել ծիրանենու հետ և խնդրում եմ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել»,-ասաց նա։
Ավինայնի խոսքով, Կասկադի հատվածում ընտրված ծառատեսակները մինչև 150 տարվա համար են նախագծվում։
«Կասկադը Երևանի սիրտն է։ Պետք է երևանցիների կարծիքը հաշվի առնենք»,-նշեց փոխքաղաքապետը։
Արմեն Բեգոյանը նաև մանրամասնեց, թե ինչու է այդ հատվածի համար նման ծառատեսակ ընտրվել՝ ասելով, որ այդտեղ բնաբաժակից մինչև շենքերը նեղ է՝ 1 մետր և մեծ սաղարթով ծառերն այնտեղ նախընտրելի չեն:
«Մենք գիտակցված ման ենք եկել ընտրելու այն ծառատեսակներից, որոնց սաղարթը շատ մեծ չէ: Մեծ սաղարթով ծառեն այդտեղ չէին տեղավորվի, հետո իրենց հզոր արմատային համակարգով նախ կքանդեին շենքի հիմքը, հետո էլ կփակեին շենքում բնակվող մեր քաղաքացիների լույսը: Արդյունքում նորից կտրվելու էին ճյուղերը և ունենալու էինք տձև ծառեր: Սակուրաներով պատելու այդ փողոցի ընտրության պատճառն այն էր, որ նրա շարունակությունը արդեն 10 տարի է տնկած են սակուրա ծառատեսակներով, որով հմայվում են մեր քաղաքացիները և շատ շուտով կսկսեն նկարվել և տեղադրել իրենց սոցիալական ցանցերում»,-ասաց Բեգոյանը և շարունակեց. «Երրորդ պատճառն այն է, որ այդտեղ է գտնվում Թամանյանի արձանը, որը վարդագույն մեր Երևանը գծագրող ճարտարապետն է և սակուրաները քանի որ ծաղկման շրջանում ունեն վարդագույն գույն՝ վարդագույն քաղաքը գծագրող մեր մեծ ճարտարապետի դիմացի փողոցն սակուրաներ տնկելու դրդապատճառ է հանդիսացել»:
Տիգրան Ավինյանը, հիշեցնելով, որ մարզահամերգային համալիրի, Սարալանջի մոտ անտառտնկման աշխատանքներ են իրականացվել, այս տարի Եռաբլուրում է նախատեսված հիմնել մեծ անտառ, ասաց. «Եթե նույնիսկ դրանից հետո մենք քանդենք Օպերայի սրճարաններն ու կանաչապատենք տարածքը, ամբողջապես վերականգնենք օղակաձև այգին, և այսպես շարունակ, կոմունիկացիոն մեկ սխալի պատճառով այս տեսակի աշխատանքը կարող է ջուրը գնալ։ Եվ այստեղ, կարծում եմ, մենք ունենք որոշակի թերացում։ «Մենք» ասելով՝ առաջին հերթին ինձ նկատի ունեմ։ Սա կոմունիկացիայի հարց է»։
Ավինյանը նաև նշեց, թե Կասկադը Երևանի սիրտն է։ Ըստ նրա՝ այնտեղ ծառերը պետք է փոխարինվեն, բայց թե ինչ ծառատեսակով, պետք է դրվի հանրային քննարկման:
Հարակից հրապարակումներ`
- Ամոթ է, ուղղակի ամոթ է մեզ բոլորիս. Տիգրան Ավինյանը՝ Կորեայի ձորում շինաղբ թափելու մասին
- Այգիներին, ծառերին վերաբերող նոր նախագծերը հանրային հարթակներում քննարկման են դրվելու. Տիգրան Ավինյան
- «Այն, ինչ կատարվեց փողոցի այս հատվածում, անուն չունի»
- Ծրագիրը չեղարկվել է, Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու․ Քրիստինա Վարդանյան
- Կասկադի տարածքում հաստաբուն ծառերը կտրում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան