Չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ, արժեքավոր ծառեր և թփեր․ Իջևանի բուսաբանական այգու տնօրեն
Իջևանի բուսաբանական այգու տնօրեն Մեխակ Սայադյանն իր էջում ահազանգում է՝ չորացած արժեքավոր ծառերի մասին։
«Երկու տարի և յոթ ամիս (2,7)պահանջվեց, որպեսզի մարդիկ պատկերացնեն, թե ինչքան դժվար է բուսաբանական այգի ստեղծելը, մշակելը, գիտական աշխատանքներ կատարելը և այդ բոլորը երկրին նվիրելը...
Նվիրելը՝ բառիս բուն իմաստով։
Այգին ստեղծվել է մեր՝ Սայադյանների, ընտանիքի երեք սերունդների միջոցներով և ջանքերով։
Այս 2,7 տարվա ընթացքում Իջևանի բուսաբանական այգում չորացան մոտ 1500 հազվագյուտ և արժեքավոր ծառեր ու թփեր, նաև մոտ 24 հազար տնկի։
Իջևանի գինու կոնյակի գործարանը կառուցեց այգու նոր ջրառ երկու շաբաթվա ընթացքում, իսկ այգին առանց ջրի մնաց մոտ 130 շաբաթ։
Ո՞վ կվերականգնի թանկարժեք կոլեկցիան, դա կպարզվի կարևորագույն գործերով զբաղվող քննչական վարչության աշխատանքների ընթացքում։
Երկար ժամանակ լռել ենք, տեսնելով երկրի վիճակը։ Պետք է կատարվի վնասների հաշվում, իսկ մեղավորները պետք է կրեն պատասխանատվություն։
Այգուն հասած վնասների, և քննությունների գաղտնիք չպարունակող տվյալների մասին տեղյակ կպահենք հաջորդիվ։
Եվ ամբողջ այս ժամանակ «բնապահպանները լռում էին»...
Իսկ Երևանում սակուրա են տնկում։»,- գրել է նա և հրապարակել տեսանյութ ու լուսանկարներ։