«Արարատ 73»-ի սխրանքը՝ լուսանկարներով
Այս տարի նշվում է «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակի 50-րդ տարեդարձը: Այդ կապակցության Երևանի «Արարատը» նախատեսում է չեմպիոնական մրցաշրջանը խորհրդանշող միջոցառումներ անցկացնել 2023 թվականի ընթացքում։ Առաջին միջոցառումը կայացավ այսօր՝ Հայաստանի նկարիչների միության շենքում, բացվեց ֆոտոլրագրողներ Հերբերտ և Մելիք Բաղդասարյանների ֆոտոցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 1-ը։
Ցուցահանդեսում ներկայացված 100 լուսանկարից յուրաքանչյուրը մի պատմություն է հաղթանակ կերտած թիմի, լեգենդար ֆուտբոլիստների մասին։
Փառահեղ էջ հայ սպորտի պատմության մեջ։ Այսպես են բնութագրում մարզիկները, մասնագետները «Արարատ-73»-ի խաղացած ժամանակաշրջանը։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին «Արարատ-73»-ի ֆուտբոլիսներից շատերը։
Լրագրողների հետ զրույցում Մելիք Բաղդասարյանն ասաց, որ իր մտահղացումն է կազմակերպել նման ցուցահանդես։
«Լրանում է «Արարատի» հաղթանակի 50 տարին և դրան որևէ ձևով չարձագանքելը՝ սխալ կլիներ, հատկապես եթե ես ունեի նման արխիվ։ Հիմնականում իմ և եղբորս՝ Հերբերտ Բաղդասարյանի նկարներն են»,- նշեց լուսանկարիչը։
Նա ասաց, որ բոլոր լուսանկարներն արժեքավոր են, բայց առանձնացրեց մեկը՝ Իշտոյանը 89-րդ րոպեին խփում է առաջին գոլը. «Արժեքավոր նկար է որպես իրադարձություն»։
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզական լուսանկարչությունն ունի իր առանձնահատկությունները. «Ամենակարևորը՝ այդ մարզաձևը պետք է լավ ճանաչես։ Ինձ շատ օգնել է իմ ավագ եղբայրը՝ Հերբերտը, նաև խորհուրդներ եմ ստացել Ալեքսեյ Խոմիչից։ Նա եղել էր դարպասապահ, այնուհետև զբաղվել է լուսանկարչությամբ։ Հինգ մատի նման ճանաչում էր ֆուտբոլը, լավ կադրեր էր ստանում»։
«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ, կիսապաշտպան և պաշտպան Սերգեյ Բոնդարենկոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ 50 տարի առաջ «Արարատ»-ն իր սխրանքը կատարեց՝ դարձավ Սովետական միության չեմպիոն և գավաթակիր։
«Հպարտ եմ, ուրախ և երջանիկ, որ խաղացել եմ «Արարատ 73»-ում և հասել նման բարձունքի։ Շնորհակալ եմ ժողովրդին, որ 50 տարի անցել է, բայց մեզ հիշում է։ Մենք կանք ու կմնանք, հինգ տարի սովետական միության ֆուտբոլը չոքացրել ենք։ Հինգ տարի մեր չարչարանքով հզոր, հսկա թիմերի հաղթել ենք։
«Արարատ 73»-ի տղաների ցավը տանեմ։ Մեծ ցավ եմ ապրում, որ մեր լավ ընկերներից վեցը մեզ հետ չեն»,- նշեց Բոնդարենկոն։
Նա պատմեց, որ այն ժամանակ ուր գնում էին, ռուսները ոտքի էին կանգնում ու ծափ տալիս «Արարատ»-ին, որևէ անգամ իրենց հասցեին վիրավորական խոսք չի հնչել։
Նա նշեց, որ այն ժամանակ հայերից էին սովորում, հիմա մենք պետք է սովորենք ուրիշի՞ց. «Հայկական ֆուտբոլը ուրիշ է, պետք է հայկականը ցույց տանք։ Դժվար պայմաններ են, բայց ֆուտբոլիստի համար... Մեր պայմաններն արտակա՞րգ էին։ 11 ֆուտբոլիստ կուկուռուզնիկով Դոնեցկից Զարյա էինք գնացել առանց մարզչի։ Իջել ենք ու խաղացել, 2։0 հաղթել։ Ուր գնում էինք, հայի պատիվը բարձր էինք պահում»։
Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել թիմային խաղ ապահովել։
«Այն ժամանակվա մեծերն ինձ լավ բան էին սովորեցրել՝ հարգի ու կհարգվես, դիմացինդի որ հարգես, ինքը քեզ կհարգի։ Իսկ այդ տղաները նորմալ, կիրթ տղաներ էին։ Բոլորս նպատակ ունեինք, բայց փողի համար չէինք խաղում։ Երբ խաղից հետո «Հրազդան» ստադիոնում 70 հազարը պարում էին, դա մեզ համար միլիոն ու միլիարդ էր։ 4 օրը մեկ։
Վստահելի ընկերներ էին։ Դաշտում մեկս մյուսին օգնում էինք, հինգ անգամ ավելի էինք ուզում իրար օգնած լինեինք»։
Հարցին՝ ի՞նչ պետք է անեն հիմա խաղացող հայ ֆուտբոլիստները կրկին հաղթանակի հասնելու համար, Սերգեյ Բոնդարենկոն ասաց. «Պարապեն ու խաղան, կյանքը դնեն հայ ժողովրդի համար, նասիլկով տուն տանեն։ Մենք այդպես էինք, դրա համար հասանք նման բարձունքի»։
Մարտի 25-ին կայացած Հայաստան-Թուրքիա խաղի մասին ասաց. «Առանց մեկնաբանության»։
Այսօր կայացավ նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի կողմից հրատարակված՝ Արսեն Կակոսյանի «Ֆուտբոլին հաջորդող գիշերը․ երկրպագուի օրագիր» գրքի շնորհանդեսը: Սա 1974 թվականին լույս տեսած այս գրքի ռուսերենից հայերեն թարգմանությունն է, որն իրականացվել է «Մեդիամաքս» գործակալության հետ միասին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան