«Փաստ». Տիգրան Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, գործող իշխանությունները, հասկանալով, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել, որոշել են չգնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ճանապարհով ու դրանք անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր միջոցներով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ՔՊ-ում դեռևս կան արտահերթի «երդվյալ» կողմնակիցներ, այդ թվում` փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որն այս պահին համարվում է ՔՊ-ի կողմից քաղաքապետի թեկնածու, այսինքն՝ ցուցակի առաջին համար: Ըստ քպական մեր աղբյուրի, Ավինյանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո փորձել է նորից առաջ մղել արտահերթի թեման, սակայն նրա այդ «գաղափարին» դեմ են եղել ՔՊ վարչության բոլոր անդամներն անխտիր: Մասնավորաբար, նշվել է, որ այս պահին, ըստ վերջին սոցհարցումների, Երևանում ՔՊ վարկանիշը հազիվ 15-16 տոկոսի շրջանում է:
Ավելին, անհանգստացրել է այն հանգամանքը, որ, օրինակ՝ Մանե Թանդիլյանն այդ հարցման արդյունքներով «շնչում է իրենց ծոծրակին», իսկ չկողմնորոշվածների ու բոլորին դեմերի թիվն անցնում է հարցվածների կեսից ավելին: Ավինյանին նաև հիշեցրել են, որ ընտրություններին ոչ թե անհատները, այլ կուսակցություններ են մասնակցում, իսկ կուսակցության ցուցակը, այդ թվում՝ ցուցակի առաջին համարը, դեռևս հաստատված չեն։
Ըստ նույն աղբյուրի, նրան առանձին ակնարկվել է, որ մինչ իր թեկնածության «հրապարակայնացումը» Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատից ոմանք, որպես ՔՊ ցուցակի առաջին համարի թեկնածու, այլ անձանց են լոբբինգ արել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան