Փորձագետներ. Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը զարգացնում է իր տնտեսական ներուժը ԵԱՏՄ-ի շնորհիվ
«Հայաստանը շահագրգռված է եվրասիական ինտեգրմամբ, ԵԱՏՄ-ի շնորհիվ Հայաստանը մեծացնում է իր տնտեսական ներուժը: ԵԱՏՄ երկրների ուղղությամբ ՀՀ ապրանքաշրջանառության աճը 8,5 տարվա ընթացքում աճել է 10 անգամ»,-այս մասին Երևանում կայացած «Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման հեռանկարները և Հայաստանի շահերը» թեմայով փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
«Սա ոչ միայն հաջողություն է Հայաստանի համար, այլ նաև տեսանելի ապագայում տնտեսական հետագա զարգացման հիմնական վեկտորը։ Եթե աշխարհի 50 զարգացած և զարգացող երկրներում տնտեսությունների արդյունաբերական արտադրանքի տոտալ անկում գրանցվի, նույնիսկ այս դեպքում Հայաստանում կունենանք ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ։ Ինչն էլ պետք է որոշի մեր քաղաքական զարգացման վեկտորները»,- ասել է Սաֆարյանը։
Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, վկայակոչելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընթացող առճակատումը՝ նա նշել է, որ դա շատ լուրջ հետք է թողնում Ռուսաստանի Դաշնության և ինտեգրացիոն նախագծերում վերջինիս դաշնակիցների հարաբերությունների վրա։
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանը կանգնած է արևմտամետ ուժերի և Ռուսաստանի հետ դաշինքի կողմնակիցների առճակատման ասպարեզ դառնալու մեծ գայթակղության առաջ, և ուզում ենք զգուշացնել Հայաստանի քաղաքական շրջանակներին, որ զերծ մնան երկիրը կրկեսի, աշխարհաքաղաքական բախումների ասպարեզի վերածելուց, քանի որ դա կարող է ամենավատ ազդեցությունն ունենալ մեր ժողովրդի ճակատագրի վրա, տնտեսական զարգացման այն փխրուն ծիլերի վրա, որոնք մենք սկսել ենք գրանցել մեր երկրում վերջին 2.5 տարիների ընթացքում»,- ընդգծել է Սաֆարյանը։
Քննարկման մասանկից սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը նշել է, որ հայ ժողովուրդը ի սկզբանե աջակցել է Հայաստանի ինտեգրմանը ԵԱՏՄ-ին, և 8,5 տարի անց այդ ինտեգրման տնտեսական օգուտներն ակնհայտ են։ Նրա խոսքով, բացի տնտեսական օգուտներից, կարևոր է նաև սոցիալական, մարդկային ասպեկտը, քանի որ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը՝ 2,5 միլիոն հայ։ Եվ այս գործոնը հաշվի չառնելը սխալ է, քանի որ մեր երկրները, բացի մշակութային, քաղաքական և տնտեսական կապերից, ունեն մարդկանց միջև ամուր և սերտ կապեր։
Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհում Ռուսաստանի դեմ ակտիվ արշավ է իրականացվում, որը, ցավոք, ներթափանցում է հետխորհրդային տարածք։ Հայաստանում ևս նկատվում է հակառուսական դիսկուրսի աճ, բայց բոլոր սոցիոլոգիական ուսումնասիրությունները, այդ թվում և վերջին տարիների, ցույց են տալիս, որ Ռուսաստանը Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր։ Միժամանակ, նրա խոսքով, հասարակական կարծիքի վերաձևավորում տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում։
ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, կլոր սեղանի մասնակիցներին հիշեցրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, բայց քաղաքականությունն ու տնտեսությունը փոխկապակցված են, և մենք չենք կարող տնտեսական միտումները քաղաքականությունից անջատ դիտարկել։
«Դրա մասին են վկայում բազմաթիվ երևույթներ, և հիշեցնեմ, ԵԱՏՄ կազմավորման մեկնարկին, դեռ դրանից առաջ, երբ Հայաստանը կանգնած էր «կամ, կամ»-ի առաջ՝ կա՛մ ԵՄ, կա՛մ ԵԱՏՄ, Հայաստանի ղեկավարությունը կարողացավ գործել այնպես, որ այս վեկտորները փոխլրացնեն միմյանց: Եվ այսօր կարելի է ասել, որ Հայաստանն ամենաշատն է շահել թե՛ Մաքսային միությանը, թե՛ ԵԱՏՄ-ին ինտեգրվելուց»,- ասել է Մանասերյանը։
Նա նկատել է, որ այսօր Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների թիվը մի քանի անգամ ավելացել է, Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունեն մեր երկրի վրա, բացի այդ, պատժամիջոցների տակ է նաև հարևան Իրանը, ինչը չի կարող չազդել ոչ միայն Հայաստանի տնտեսության վրա, այլև եվրասիական տնտեսական ինտեգրացիայի։ Առկա մարտահրավերների շարքում տնտեսագետը նշել է նաև անավարտ պատերազմական վիճակը Ադրբեջանի հետ, որը չի կարող չխոչընդոտել տնտեսության զարգացմանը։
«Հայաստանի առջև ծառացած այս և այլ մարտահրավերները խոչընդոտում են առաջընթացին, սակայն վիճակագրական տվյալները լավատեսություն են ներշնչում, և ճիշտ աշխատանքի պարագայում այդ ցուցանիշները կշարունակեն գոհացնել»,- ընդգծել է Մանասերյանը։
Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Արման Ղուկասյանն իր ելույթում ընդգծել է, որ չնայած բազմաթիվ թերահավատներ մի քանի տարի առաջ պնդում էին, որ ԵԱՏՄ-ն անհաղթահարելի նշաձող է, որին չի կարելի հասնել և թմբկահարում, որ Հայաստանը չպետք է անդամակցի միությանը, այսօր այդ բոլոր կանխատեսումները ոչ միայն չիրականացան, այլև դրանք բախվեցին իրականությանը: Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանն ու դրա տնտեսությունն այսօր զարգանում են առաջին հերթին Եվրասիական տնտեսական միության և այն հնարավորությունների շնորհիվ, որ մեզ տվել է այս միությունը։
«Կարևոր է նշել, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճում է ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Մենք ամենուր ունենք կոնկրետ տնտեսական արդյունքներ, այլ ոչ միայն խոսքեր ու բարեմաղթանքներ։ Խոսքը կոնկրետ թվերի ու ցուցանիշների մասին է։ Փոքր Հայաստանի տնտեսության համար ԵԱՏՄ-ն իսկապես ելք է դեպի բազմամիլիոնանոց շուկա, և ապագայում՝ ՀՀ կառավարության պատշաճ աշխատանքի դեպքում, մենք կարող ենք էլ ավելի լավ արդյունքներ գրանցել»,- եզրափակել է Ղուկասյանը։
Կլոր սեղանը կազմակերպվել էր Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի, ՄՊՀ Մոսկվայի տնտեսագիտական դպրոցի և Միջազգային հումանիտար զարգացման հասարակական կազմակերպության կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան