Ալեն Սիմոնյան. Շատերի ուշադրությունից վրիպում են հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 28-ին հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Բերբել Բասին:
ԱԺ-ից հայտնում են, որ խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը եւ Բերբել Բասը շրջել են Բունդեսթագում, որից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպումը:
Ներկայացնելով հետպատերազմյան իրավիճակը եւ խոսելով տարածաշրջանում անվտանգային հարցերին շուտափույթ լուծումներ տալու անհրաժեշտությունից՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ շատերի ուշադրությունից վրիպում են Հարավային Կովկասում՝ Հայաստանի եւ հայաբնակ Լեռնային Ղարաբաղի շուրջ ոչ պակաս կործանարար զարգացումները:
Բունդեսթագի գործընկերոջ խնդրանքով Ալեն Սիմոնյանը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամից, շրջափակման մեջ գտնվող 120.000 արցախցիներին սպառնացող վտանգից եւ հումանիտար բազմաշերտ խնդիրներից:
Նա նշել է, որ Ադրբեջանը, շարունակելով էթնիկ զտումների քաղաքականությունը եւ կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով, ամբողջ աշխարհի աչքի առջեւ բռնի տեղահանության է դրդում տեղի հայ բնակչությանը:
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ՝ պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան տեղաշարժը:
«Ակնկալում ենք մեր գերմանացի գործընկերներից գործուն քայլերի ձեռնարկում՝ ապահովելու Ադրբեջանի կողմից Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման ճանապարհով»,- շեշտել է նա։