Հանրային քննարկման է ներկայացվել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու մասին որոշման նախագիծը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ««Ակադեմիական քաղաք» հիմնադրամ ստեղծելու և հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախարարությունից մանրամասնում են՝ «ՀՀ կրթության մինչև 2030 թ․ զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ նախատեսված է ակադեմիական քաղաքի ստեղծում՝ որպես որակյալ բարձրագույն կրթության և հետազոտության համար արդիական կրթական միջավայրի ապահովման կամպուսային կլաստերների համախումբ:
««Ակադեմիական քաղաք» hիմնադրամ ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը պայմանավորված է ակադեմիական քաղաքի ստեղծման աշխատանքները կազմակերպելու, համակարգելու և վերահսկելու հրամայականով։ Պետության կողմից հիմնադրամի ստեղծումը առավել նպատակահարմար կազմակերպական ձև է ընտրվել։ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամը պետք է իրականացնի ակադեմիական քաղաքի՝
• նախագծումն ու կառուցումը՝ որպես որակյալ կրթության և հետազոտության համար արդիական միջավայր,
• համապատասխան շենքային ենթակառուցվածքների կառուցումը, պահպանումը և բարելավումը,
• հետազոտությունը և ուսումը խթանող, գրավիչ, ապահով և անվտանգ, բազմաֆունկցիոնալ ֆիզիկական և ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հագեցած համագործակցային միջավայրի ստեղծումը,
• մարզադահլիճների, գրադարանների, նորարարական ոճով կահավորված անհատական և թիմային աշխատանքների տարածքների, ինչպես նաև ստեղծարար գործունեությանը նպաստող ֆիզիկական միջավայրի ստեղծումը։
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են՝ նախագծի հաստատումից հետո կնշանակվի հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, եռամսյա ժամկետում կձևավորվի հոգաբարձուների խորհրդի կազմ: Խորհուրդը բաղկացած է ութ անդամից: Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահն է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։ Խորհրդի մյուս ի պաշտոնե անդամներն են՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահը, ՀՀ արդարադատության նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը։ Խորհուրդը հաստատում է հիմնադրամի տարեկան ծրագիրը, բյուջեն և սահմանված այլ գործառույթներ:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ կարելի է ներկայացնել մինչև 2023 թ. ապրիլի 12-ը ներառյալ:
Նախագծի վերաբերյալ հանրային լսումը նախատեսված է ս.թ. ապրիլի 7-ին՝ ժամը 16:00-ին, Գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան