Կհրատարակվի Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկ
Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ե․Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի միջև ստորագրվեց համագործակցության Հուշագիր։ Հայաստանի ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ երկու ՊՈԱԿ-ների պատասխանատուները՝ Շուշանիկ Միրզախանյանը և Վահագն Սարգսյանը փաստել են, որ Հուշագրի վավերացումը բխում է երկու մշակութային կառույցների շահերից՝ ընդլայնելով կողմերի գործունեության շրջանակը արդեն պաշտոնական հիմքով։ Համաձայն հուշագրի կողմերը իրականցնելու են գիտա-կրթական, մաշկութային-ժամանցային համատեղ ծրագրեր, ինչպես նաև հայկական կինոժառանգության բովանդակությամբ ստեղծագործական-կրթական նախագծեր։
«Հուշագրի ստորագրումը մեծապես կխթանի հայկական կինոժառանգության պատմության ուսումնասիրման և հանրայնացման գործընթացները։ Հիշյալ փոխգործակցության արդյունքում նախատեսվում է պարբերաբար իրականացնել հետազոտական, ցուցահանդեսային և հրատարակչական նախագծեր։ Այս պահին ընթացքի մեջ է Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմի վերականգմանը նվիրված հետազոտական գրքույկի նախապատրաստական աշխատանքները, որով էլ մեկնարկելու է հայ դասական ֆիլմերին նվիրված նոր մատենաշարի հրատարակությունը»,- նշում են Ազգային կինոկենտրոնից։
Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ) են պահպանվում հայկական կինոյի ամենամեծ ու հարուստ արխիվային ֆոնդերն ու հավաքածուները, որոնք անսպառ նյութ են շարունակական ուսումնասիրությունների ու բացահայտումների համար։