Հիմա ասելու եմ շատ ցավալի բաներ, բայց կարևոր է, որ ազնիվ լինենք մեր հասարակության հետ. Ռուբեն Վարդանյան
«Հիմա ասելու եմ շատ ցավալի բաներ, բայց ինձ թվում է՝ կարևոր է, որ մենք թափանցիկ խոսենք, ազնիվ լինենք մեր հասարակության հետ»,- «Շրջափակման պատճառով Լեռնային Ղարաբաղի տնտեսության կորուստների գնահատման մասին» զեկույցի ներկայացման ժամանակ ասաց Արցախի նախկին պետնախարար, «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է։
«Մի քանի հոգի հնարավորություն ունեն, պայմանավորվելով ռուս խաղաղապահների հետ, ապրանք բերել այստեղ»,- նշեց նա:
Արդյունքում, ըստ նրա, մի քանի մարդ աշխատում են մեծ գումարներ։
«Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ մարդիկ Արցախ են բերում ձմերուկ, անանաս, ուզում եմ ասել՝ ամոթ այդ մարդկանց, դա ինձ համար անընդունելի է, որ մարդիկ իրենց փող աշխատելու համար պամելո, անանաս կամ ուրիշ բաներ են բերում, ոչ թե մարդկանց անհրաժեշտ ընդհանուր սնունդ, որը պետք է բոլորը հավասար ստանան»,- ասաց Ռուբեն Վարդանյանը։
Նա միաժամանակ նշեց, որ այսօր Արցախում սննդի կտրոնները չեն աշխատում ու մարդիկ չեն կարողանում դրանցով ապրանք գնել, քանի որ բերվում է ապրանք, որը վաճառվում է ավելի թանկ գնով։
Հաջորդ խնդիրը վերաբերում է կտրոնների ժամկետին։
«Կտրոնների ժամկետը հիմա երկարացրել են ու դարձել է իրավիճակ, երբ մարդ իր կտրոնն օգտագործել է և չի կարողանում նոր կտրոն ստանալ։ Հիմա ստեղծվել է անհասկանալի իրավիճակ: Դրա համար, ցավոք, գնաճն այս իրավիճակում վերջին կետն է: Դրա համար պետք է սկզբից հստակ լինի՝ ո՞վ է առնում այդ ապրանքը, ի՞նչ գներով է առնում, ով է այդ տենդերը կազմակերպվում, քանի որ շատ փոքր քանակի մեքենաներ կարող են գնալ-գալ Արցախ և պետք է տեսնել, թե ում ձեռքին է սնունդն ապահովելու գործընթացը»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը։
Նրա խոսքով՝ թափանցիկ մեխանիզմներ պետք է ստեղծվեին, աշխատանք շատ կար անելու, այնպես չէր, որ իրենց ժամանակ էլ ամեն ինչ իդեալական էր, բայց այսօր հետ են ընկել։
«Ով լավ կապեր ունի պետական բարձր պաշտոնյաների հետ, փող են աշխատում օգտագործելով այս իրավիճակը։ Դա ես համարում եմ անընդունելի։ Արցախում ունենք իրավիճակ, երբ շրջափակման մեջ, երբ մենք պետք է լինենք մի բռունցք, բայց կրկին թիրախավորվել է արդարության, իրար նկատմամբ հավատի հասկացողությունը, և դա ավելի շատ վնաս է հասցնում, քան փողային կամ տնտեսական վնասները»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում ունենք սուր ֆինանսական ճգնաժամ. Ռուբեն Վարդանյան
- Շրջափակված Արցախին միայն 80 օրում պատճառվել է շուրջ 132 մլն դոլարի տնտեսական վնաս. զեկույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան