«Հրապարակ». 2 ամիս բանակցություններ են ընթացել, և «հայաստանցիները» միայն վերջին պահին են տվել իրենց համաձայնությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրեցին Լեհաստանում նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին։ Այս հայտարարությունից ժամեր անց քոչարյանականներն արշավ սկսեցին թեկնածուի դեմ՝ վարկաբեկելով նրան և հաշիվ պահանջելով «հայաստանցիներից», թե ինչու են առաջադրել։
Մեր տեղեկություններով՝ իրոք Ղազարյանի թեկնածությանը Քոչարյանի դաշինքում դեմ են եղել, սակայն երբ ՊՈՒ-ն պնդել է, որ, անկախ «Հայաստանի» որոշումից, իրենք Ղազարյանին առաջադրելու են, ստիպված միացել են։ Ֆեյսբուքյան ակտիվիստների արշավին միացել էին նաև որոշ պատգամավորներ, օրինակ՝ Գեղամ Նազարյանը տեղադրել էր նրանցից մեկի գրառումը: Ի վերջո, պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրեց, որ այլընտրանքի բացակայության պատճառով են պաշտպանել Ղազարյանի թեկնածությունը՝ ընդառաջելով հասարակական նախաձեռնությունների դիմումին․
«Այլ առաջարկություն-դիմում այլ խմբերի կամ անհատների կողմից մեզ չի ներկայացվել: Նման երկրորդ դիմումի դեպքում այն միանշանակ դառնալու էր քննարկման առարկա... այս ընթացքում խմբակցությունը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն, հաշվի առնելով իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։
Նշենք, որ «Միասին» շարժումը` Արամ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի գլխավորությամբ, մարտի 17-ին դիմել էր ընդդիմադիրներին՝ Ղազարյանի թեկնածությունն առաջադրելով։ Թեև, մեր տեղեկություններով, դրանից առաջ Թագուհի Թովմասյանն է 2 խմբակցություններին առաջարկել այս թեկնածությունը, ինչն իրականում Սերժ Սարգսյանի գաղափարն է: 2 ամիս բանակցություններ են ընթացել, և «հայաստանցիները» միայն վերջին պահին են տվել իրենց համաձայնությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում