Թուրքական լրատվամիջոցները Հունաստանի սպառազինության մասին տեղեկություններին տագնապով են արձագանքել
Հունական մամուլում լուրեր են տարածվում այն մասին, որ Հունաստանը նոր սպառազինություն է գնելու Իսրայելից, մասնավորապես իսրայելական արտադրության հրթիռային համակարգեր։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ թուրքական լրատվամիջոցները Հունաստանի սպառազինության մասին տեղեկություններին տագնապով են արձագանքել։ Օրինակ՝ հայտնի «Аksam» թերթի կայքում հանդիպում է հետևյալ վերնագիրը՝ «Վտանգավոր զարգացումներ Թուրքիայի սահմանին. Հունաստանը չի հագենում զինվելուց»:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ տեղի ունեցած անվտանգության խորհրդի նիստից հետո վարչապետը հայտարարել է. «Նիստի ընթացքում հաստատվել է զինված ուժերին անհրաժեշտ «Spike NLOS»-ի գնումը և այլ տեղեկություններ են տրվել սպառազինության ծրագրերի ընթացքի մասին»:
Նիստի ընթացքում նաև քննարկվել են միգրացիային և անտառային հրդեհներին վերաբրող հարցեր: