«Քարերի շքերթ»՝ Վարուժան Վարդումյանից
Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանը կրթությամբ ճարտարապետ վերականգնող է, բայց երբեք չի զբաղվել ճարտարապետությամբ։ Այսօր նա նկարում է, ու ինչպես ընկերներն են խոստովանում՝ բավականին լավ։
Ինքը՝ Վարուժան Վարդումյանն, իրեն ներկայացնելիս ասում է՝ «ոչ նկարիչ եմ կրթությամբ, ոչ մանկավարժ, բայց դարձա նկարչության դասատու»։
Վ.Վարդումյանն այսօր «Քարերի շքերթ» շարքի վրա է աշխատում։
«Մեր երկիրը քարերի երկիր է։ Քարն իր մեջ էներգիա է պարունակում, ձգում է։ Նկարում եմ տարբեր հուշարձաններից հատվածներ։ Նպատակ ունեմ ոչ միայն սյուներ կամ հուշարձանների այլ հատվածներ նկարել, այլ քարերի ֆակտուրան, գույնը ներկայացնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ.Վարդումյանը։
Եթե, օրինակ, քարը մոխրագույն է, նկարիչը «որսում» է այլ գույներ ու ներկայացնում դրանք։
Նա նշեց, որ պաստելի տեխնիկան հետաքրքիր է քարերի ֆակտուրան ստանալու համար, այն փոշոտ տպավորություն է թողնում, ինչպես և քարը բնականից։
Օգտվում է հուշարձանների նկարներից։
«Հնարավոր չէ գնալ ու տեղում նկարել։ Մեկ նկարի վրա 3-4 օր եմ աշխատում ու մի քանի ժամ»,- ասաց Վ.Վարդումյանը։
Այժմ նկարիչը մտածում է Զորաց քարերից, այնուհետև ժայռապատկերներից քարեր, ամրոցներից, եկեղեցիներից, ժամանակակից շենքերից հատվածներ նկարելու մասին։
«Թեման հարուստ է։ Թվում է՝ բոլոր եկեղեցիների քարերը նույնն են։ Հնարավոր է, բայց երբ սկսում ես նկարել ու մոտիկից ծանոթանալ ամեն քարի վրայի փոսերին, կոտրվածքներին, այդտեղից հասկանալի է դառնում, որ իրարից տարբեր են, նույնիսկ բազալտի գույնը։ Աշխատում եմ ճշգրիտ վերարտադրել, բայց երբեմն փորձում եմ էֆեկտներն ընդգծել»,- նշեց նա։
Վ. Վարդումյանը երբեք անհատական ցուցահանդեսներ չի ունեցել, ցանկություն չի ունեցել, բայց չբացառեց, որ հնարավոր է «Քարերի շքերթ» շարքով ներկայանա։
«Հնարավոր է 50-60 նկար անելուց հետո ցուցահանդես կազմակերպել, արխիվային նյութ կլինեն հայոց քարերի մասին»,- նշեց նա։
Վարդումյանը ունի բնանկարներ, նատյուրմորտներ։ Սիրում է հորինած կոմպոզիցիաներ անել։
«Վերջին կտավն արել եմ փետրվարին։ Կոչվում է «Մենք»։ Մենք ասելով՝ նկատի ունեմ մենք էլի՝ հայերս։ Ներկայացված է Արցախը, Արևմտյան Հայաստանը, ներկայիս Հայաստանը։ Բոլորս միասին ապրում ենք ու առաջ գնում։ Փորձել եմ հավերժության գաղափարը ներկայացնել, որ մեզ կտրել ու կոտրել են, բայց մենք միշտ լինելու ենք»,- ասաց նկարիչը։
Նա նշեց, որ ինքը բավականին լավատես է, չնայած լինում են պահեր, որ իրեն ջախջախված է զգում։
«Ներսումս հավատ կա, որ մենք, իրոք, հավերժ ենք լինելու, ինչքան էլ սրիկաներով լցվի մեր երկիրը, վաճառում են, ինչ են անում, տալիս են, բայց գիտեմ՝ դա չի լինելու»,- ասաց Ալավերդու գեղարվեստի դպրոցի տնօրեն, գեղանկարիչ Վարուժան Վարդումյանը։
Լուսանկարները՝ Վարուժան Վարդումյանի ֆեյսբուքյան էջից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան