Առաջին անգամ բնօրինակ իտալերենով կներկայացվի Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի համերգային կատարումը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մարտի 29-ին առաջին անգամ իտալերենով կներկայացվի Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայի համերգային կատարումը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին օպերայի և բալետի թատրոնից։
1868-ին Կոստանդնուպոլսում հայ կոմպոզիտոր Տիգրան Չուխաճյանը ստեղծում է իր «Արշակ Երկրորդ» մեծածավալ օպերան իտալերեն: Սա ոչ միայն առաջին օպերան է հայ երաժշտաթատերական արվեստի պատմության, այլև առաջինը ողջ արևելյան երաժշտության մեջ՝ Օսմանյան կայսրությունից մինչև Հեռավոր Արևելք:
Օպերան հետագայում կոմպոզիտորի կողմից վերանվանվեց «Օլիմպիա»՝ քաղաքական դրդապատճառներով։ Պատմության հեգնանքն է, որ այս առաջին օպերան երբեք չի ներկայացվել ըստ բնօրինակի:
Համերգի երաժշտական ղեկավարն է ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, «Արշակ Բ» օպերայի համերգային կատարման երաժշտական ղեկավարի խորհրդատու՝ Ջոն Սարգսյան և Փարիզի Տ․ Չուխաճյանի անվան ինստիտուտի տնօրեն Ժիրայր Բաբազյան, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան:
Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ողջունում է Օպերային թատրոնի այս նախաձեռնությունը, որը հիրավի ստացել է համահայկական բնույթ. ««Արշակ Բ»-ի համերգային կատարման երաժշտական ղեկավարի խորհրդատուներն են չուխաճյանասերներ Ջոն Սարգսյանը (ԱՄՆ) և Փարիզի Տ․ Չուխաճյանի անվան ինստիտուտի տնօրեն Ժիրայր Փափազյանը (Ֆրանսիա), իսկ գլխավոր հերոսներից մեկի՝ սպարապետ Վաղինակի դերերգով հանդես կգա Ֆրանսիայից հրավիրված Արտավազդ Սարգսյանը»:
Նա նշում է, որ մաեստրո Կարեն Դուրգարյանը նոր շունչ է հաղորդում մեր 90-ամյա թատրոնին:
«Թատրոնի տարեգրության մեջ կարևոր նշանակություն ունեցող նրա նախաձեռնություններին ավելացավ ևս մեկը. հայկական առաջին օպերայի՝ Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» ստեղծումից 155 տարի անց՝ 2023թ. մարտի 29-ին նրա երաժշտական ղեկավարությամբ տեղի կունենա օպերայի համերգային կատարումը, որի ընթացքում Հայաստանում 1-ին անգամ կհնչի օպերայի բնագիրը՝ իտալերեն լեզվով»,- ասում է ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենը։
Ա.Ասատրյանը վստահ է, որ համերգային կատարմամբ կտրվի «Արշակի» վերադարձի մեկնարկը, և շուտով հեղինակային «Արշակն» իր հաստատուն տեղը կգտնի օպերային թատրոնի խաղացանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան