ԱՄՆ-ը դարձել է ԵՄ երկրներ նավթ արտահանող առաջատար երկիրը
Միացյալ Նահանգները փոխարինել է Ռուսաստանին՝ որպես Եվրամիություն նավթի հիմնական արտահանող։ Դեկտեմբերին ԵՄ նավթի ներմուծման 18 տոկոսը կատարվել է ԱՄՆ-ից, հայտնել է Եվրոստատը:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի մասնաբաժինը, որը մինչև վերջերս Եվրոպա նավթի ամենամեծ մատակարարն էր, անցյալ տարվա հունվարի 31 տոկոսից նվազել է մինչև 4 տոկոս՝ դեկտեմբերին։ Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմում էր 13 տոկոս։ Նորվեգիան դարձել է ԵՄ երկրներին նավթի երկրորդ մատակարարը։ Նրան բաժին է ընկել նավթի մատակարարումների 17 տոկոսը։
2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ստիպել է եվրոպական շատ երկրների կրճատել ռուսական էներգառեսուրսների՝ նավթի, բնական գազի և ածուխի ներմուծումը` Կրեմլին պատերազմի համար արժութային միջոցներից զրկելու նպատակով: Դեկտեմբերին Եվրամիությունն արգելել է նավերով տեղափոխվող ռուսական նավթի ներկրումը և սահմանել է Ռուսաստանից արտահանվող նավթի գների առաստաղը։ Այժմ այն կազմում է մեկ բարելի դիմաց 60 դոլար։
ԵՄ-ն նաև կտրուկ կրճատել է ռուսական բնական գազի ներմուծումը։ Ներմուծումը նախորդ տարվա առաջին եռամսյակի 31 տոկոսից նվազել է մինչեւ 19 տոկոս՝ դեկտեմբերին։ Ռուսաստանի՝ որպես Եվրամիություն գազի հիմնական մատակարարի տեղը զբաղեցրել է Նորվեգիան։ ԵՄ երկրների կողմից սպառվող գազի 31 տոկոսն այժմ ներկրվում է Նորվեգիայից։ ԱՄՆ-ը դարձել է բնական գազի երկրորդ խոշոր արտահանողը։ Նրան բաժին է ընկնում ԵՄ բնական գազի ներմուծման 20 տոկոսը:
«Մինչև 2022 թվականի վերջ Միացյալ Նահանգները, Նորվեգիան և Ղազախստանը դարձան ԵՄ երկրների նավթի խոշորագույն մատակարարները։ Դրանով ԵՄ-ն ցույց է տվել նավթի շուկայում փոփոխվող իրավիճակին հարմարվելու և ռուսական նավթից իր կախվածությունից գործնականում ազատվելու իր կարողությունը»,- ասված է Եվրոստատի հայտարարության մեջ:
Անցյալ տարի Ռուսաստանը նկատելիորեն ավելացրել է նավթի արտահանումը Հնդկաստան և Չինաստան, որոնք գնել են այն զգալի զեղչով և, ըստ ՌԴ էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովի, կարողացել են ավելացնել արտահանվող նավթի ընդհանուր քանակը։ Միաժամանակ, էներգետիկայի նախարարությունը 2023 թվականին Ռուսաստանում նավթի և գազի արդյունահանման անկում է կանխատեսում՝ եվրոպական երկրների կողմից նրանց գնումների նվազման պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները