Քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Երևանի բնակչությունն ավելանում է
Այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանի բնակչությունն ավելացել է 5.9 հազարով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվարին մայրաքաղաքի բնակչությունը կազմել է 1 092.8 մարդ, իսկ այս տարվա հունվարին՝ 1098.7։ Բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշների համաձայն, Երևանում բնական հավելաճը կազմել է 1 754 մարդ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը նախորդ տարվա հունվարի համեմատ ավելացել է 15.4 հազարով՝ կազմելով 2 976.8 հազար մարդ, որից 9.5 հազարն ապահովվել է բնական հավելաճի շնորհիվ, 5.9 հազարը՝ միգրացիայի դրական մնացորդի։
Առաջիկայում քաղաքապետ ընտրող Երևանի բնակչության աճն ինչպե՞ս է անդրադարձել ընտրողների ռեգիստրում ընդգրկված քաղաքացիների թվի վրա։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ի պատասխան Panorama.am-ի հարցման՝ արձագանքել է.
«Ընտրողների ռեգիստրի վերաբերյալ տեղեկություններ հասանելի կլինեն հունիսի
առաջին կեսին՝ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետի»։
Վերջին անգամ ընտրողների ռեգիտրի տվյալները թարմացվել են 2022-ի նոյեմբերի 4-ին։
Օրենքի հիշյալ հոդվածի 4-րդ կետը սահմանում է.
«Լիազոր մարմինը տարին 2 անգամ՝ հունիսին և նոյեմբերին (առաջին մեկ շաբաթվա ընթացքում), Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, իսկ Ազգային ժողովի ընտրությունների դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 41 օր առաջ և 5 օր առաջ՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է»։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը մշտապես վարվող փաստաթուղթ է, որը կազմվում է ըստ ընտրական տարածքների և համայնքների: Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառված և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող՝ քաղաքացիություն չունեցող ընտրողները Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում չեն ընդգրկվում, որը չի սահմանափակում նրանց ընտրելու իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան