Անթալիայում ընթացող առաջնությունում հայ մարզիկները գրանցած արդյունքները
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվում է սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական երկրորդ առաջնությունը: Մասնակիցները մեկնարկել են թիմային մրցաշարով: 36 երկրների հավաքականների պայքարում գերազանց քննություն են բռնել մեր տղաները: ՀԱՕԿ-ի կայքի հաղորդմամբ, Էրիկ Բաղդասարյան-Մամիկոն խաչատրյան-Համլետ Մանուկյան եռյակը վեց մրցաձևերում հրաշալի կատարումներ են ունեցել:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի /նա ընդգրկված է մրցավարական հանձնախմբում/ և տղաներին մրցահարթակ ուղեկցող Հայկ Նազարյանի սաները ունեցել են կայուն մրցելույթներ, վաստակել 159,161 միավոր և դարձել չորրորդ մրցանակակիր:
Առաջին եռյակում տեղ են գտալ մարզաձևի ավանդույթներով չափազանց հարուստ Ճապոնիայի / 164,831 միավոր /, Չինաստանի / 161, 229 / և Իտալիայի / 159, 596 / թիմերը:
Թուրքերը գրավել են10-րդ / 154, 330 /, իրանցիները ՝15 –րդ / 151, 363 /, ադրբեջանցիները՝ 31 –րդ / 136, 997 / տեղերը:
Հետխորհրդային երկրներից ղազախները զբաղեցրել են աղյուսակի 21-րդ, ուկրաինացիները ՝ 24-րդ, ուզբեկները ՝ 27-րդ, լիտվացիները ՝ 28 -րդ և լատիշները ՝ 35-րդ հորիզոնականները:
Բազմամարտի եզրափակիչ են մտել Էրիկ Բաղդասարյանն ու Համլետ Մանուկյանը, որոնք ասպարեզ կելնեն վաղը:
Մեր մարմնամարզիկները իրենց համար տեղ են ապահովել նաև առանձին գործիքների եզրափակիչներում. նժույգթափեր՝ Համլետը և Մամիկոնը, օղակներ՝ Էրիկը և Համլետը, իսկ զուգափայտ՝ Էրիկը: Եզրափակիչները կանցկացվեն ապրիլի 1 –ին: