Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է. Նիկոլ Փաշինյան
«Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»,-կառավարության նիստի մեկնարկում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հայնեց, որ ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն՝ պաշտոնական հաղորդագրությամբ, որում ամրագրվել է, որ մարտի 25-ին ադրբեջանական զինված ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետը և հատելով շփման բիծը Շուշիի շրջանում, զբաղեցրել են 20.54 բարձունքը՝ սկսելով ինժեներական աշխատանքներ:
Փաշինյան ընթերցեց ՌԴ ՊՆ-ի հայտարարության այն մասը, որտեղ նշվում է, թե ադրբեջանին ներկայացվել է պահանջ դադարեցնել ինժեներական գործողությունները և զորքերը նախկին դիրքեր վերադարձնել:
«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝ սույն թվականի փետրվարի 22-ին կայացրած Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու մասին որոշումն, այլև ավելի է սրում իրավիճակը ԼՂ-ի՝ նաև տրանսպորտային հաղորդակցությունն արգելափակելուն ուղղված քայլեր ձեռնարկելով: 20.54 բարձունքից Ադրբեջանական կողմն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը-Հին Շեն-Մեծ Շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապով գրունտային ճանապարհը»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նշելով, որ Ադրբեջանն իր քայլը բացատրում է նրանով, թե իբր այդ ճանապարհով Հայստանից ԼՂ ռազմական բեռներ և անձնակազմ է տեղափոխվել՝ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն փաստեց. «Սա բացարձակապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, բայց եթե միայն այսպես լիներ գուցե թե խնդիրն արժանի չլիներ հատում ուշադրության: Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է , որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է»:
Նա հայտարարեց, որ Հայաստանը դեպի ԼՂ ռազմական փոխադրումներ չի իրականացնում և այնտեղ զինվորական ստորաբաժանումներ չունի:
Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունում գործում է Պաշտպանության բանակ։
«Այդ բանակի գործունեությունն ու գոյությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում։ Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ գազամատակարարումն ու էլեկտրամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ պիտի հետևողականորեն շարունակել միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատել միջազգային անհրաժեշտ մեխանիզմների գործարկման ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան