«Հրապարակ». Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի զինուժը, խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, Շուշիի հատվածում հատել է շփման գիծը, զբաղեցրել 2054,0 բարձունքը` Եղցահողի Սարի Բաբա կոչվող լեռից 2,9 կմ դեպի հյուսիս-արևելք, և իրականացնում է դիրքի կառուցման ինժեներական աշխատանքներ:
Անմիջապես լուր տարածվեց, որ ադրբեջանական կողմը, գրավելով այս բարձունքը, իր հսկողության տակ է վերցրել Արցախ-Հայաստան լեռնաանտառային ճանապարհը, որով դեռևս որոշակի կապ էին պահպանում Հայաստանի հետ: Մեր արցախյան աղբյուրից հետաքրքրվեցինք, թե ինչ իրավիճակ է տիրում, որքան են ադրբեջանական հրոսակներն առաջ եկել:
Նշված տարածք այցելած մեր զրուցակիցն ասաց, որ նախ` ոչ թե հողային ճանապարհն են գրավել, այլ ընդհուպ մոտեցել են ճանապարհին, և այդ ճանապարհով երթևեկելը դարձել է վտանգավոր` ճանապարհը հայտնվել է նշանառության տակ, ուստի հայկական կողմը խուսափում է այդ ճանապարհն օգտագործելուց:
Թշնամու զինուժն առաջ է եկել մոտ 1 կիլոմետր, և դա նաև ռուսական խաղաղապահների անգործության, թողտվության հետևանքն է: Խաղաղապահները փորձում են խաղաղ միջոցներով հետ մղել ադրբեջանցիներին` կոչ են անում, հորդորում են հետ քաշվել ելման դիրքեր, բայց առայժմ՝ անարդյունք: Բացի այդ, մշտապես փոխհրաձգություններ են լինում հայկական պաշտպանական բանակի և ադրբեջանցի զինյալների միջև: Բայց զոհեր ու վիրավորներ չունենք:
Ինչ վերաբերում է հողային, այլընտրանքային ուղիներին, ապա Լիսագորի այս ճանապարհից բացի, այլ շրջանցող ճանապարհներ էլ կան, որոնք կարող են օգտագործվել Հայաստան-Արցախ կապը պահելու համար, բայց դրանք դժվարանցանելի են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում