Օրալցիները խաչը կանգնեցնելու թույլտվություն են ստացել
Ախալցիխեի հայաբնակ Օրալ գյուղի բարձրունքում կանգնեցված խաչն անցած տարի ապամոտաժվել էր: Գյուղի բնակիչներն ապամոնտաժված խաչը նորից նույն վայրում տեղադրելու թույլտվություն են ստացել: «Հարավային Դարպաս» տարածաշրջանային պորտալը հայտնել է, որ Կրոնի հարցերի պետական գործակալությունը դրական հանձնարարական է տվել նշված խնդրի վերաբերյալ։ Ախալցիխեի քաղաքապետարանը գործակալությանը դիմել էր այս տարվա հունվարի 9-ին:
Jnews-ը գրում է, որ անհայտ պատճառներով սարի գագաթին տեղադրված երկաթյա խաչը ապամոնտաժվել և իջեցվել էր: Կայքը կապ է հաստատել Ախալցիխեի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի հետ:
«Արդեն թույլատվությունը կա, պատգամավորի և փոխքաղաքապետի միջնորդությամբ այդ հարցերը կարգավորվեցին, մնում է Զատիկից հետո գնանք և տեղադրենք խաչը», – ասել է հոգևորականը:
Խաչը կտեղադրվի նույն տեղում, որտեղից իջեցվել է:
«Հարկ է նշել, որ նմանատիպ դեպք առաջին անգամ է գրանցվում: Խաչ տեղադրելու համար Օրալի հարևան գյուղերի բնակիչները նախկինում երբևէ ոչ ոքի չեն դիմել հատուկ թույլտվություն ստանալու համար:
Հատկանշական է նաև, որ Կրոնի գործակալության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ մարտի 15-ին տեղի է ունեցել Կրոնական հարցերի պետական գործակալությանն առընթեր կրոնական միավորումների գույքային և ֆինանսական հարցերն ուսումնասիրող 2023 թվականի հանձնարարական հանձնաժողովի առաջին նիստը»,- գրում է կայքը։