Գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ և ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ.Սեյրան Օհանյանը
«Մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, որովհետև 44-օրյա պատերազմից հետո «խաղաղության դարաշրջան» հայտարարած երկու կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանը տեսնում են ադրբեջանական կողմից անընդհատ սադրանքներ և հարձակողական գործողություններ: Ադրբեջանը հետևողականորեն սեղմում է օղակը և՛ ՀՀ-ի, և՛ Արցախի Հանրապետության շուրջը»,-ԱԺ-ում լրագրողներին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա կարծիքով՝ դրանով Ադրբեջանը ձգտում է ստանալ Սյունիքով անցնող «միջանցքը» և հայաթափել Արցախը:
«Եթե մենք Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, ապա այն նշնակում է, որ մեր սահմանները, հողի յուրաքանչյուր թիզը, սանտիմետր, մետր հատվածը պետք է ուսումնասիրենք և կազմակեպենք պաշտպանությունը, որն առաջին հերթին բանակի խնդիրն է»,-հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը:
Նշելով, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե բանակի ստորաբաժանումները պետք է փոխարինեն ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներով՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ քայլին կարող են գնալ այն երկու պետությունները, որոնք թշնամանքից հետո դարձել են հարևան և կա խաղաղություն կողմերի միջև:
«Եթե դու մի կողմից խաղաղության դարաշրջան ես հայտարարում և ասում, որ պատրաստ ես գնալ դրան, իսկ մյուս կողմից Ադրբեջանի վարքագիծը, հռետորաբանությունը, սադրանքները, կարելի է ասել՝ մարտական գործողությունները, անընդհատ հոգեբանական ճնշումներն են Հայաստանի վրա, ապա այն նշանակում է, որ մենք դեռ գտնվում ենք պատերազմական իրավիճակում: ԱԱԾ-ն իր սահմանապահ կարողություններով չի կարող պաշտպանություն կազմակերպել այսօր ՀՀ սահմաններում: Սա խոսում է այն մասին, որ ՀՀ իշխանություններն ապրում են մի կյանքով, որ կարծես թե Արցախի և Հայաստանի հետ ոչ մի բան չի եղել»,-ասաց Օհանյանը:
Նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները կա՛մ ունակ չեն, կա՛մ չեն ցանկանում ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհաքաղաքական զագացումների համատեքստում, թե ինչ գործողություններ կարող են լինել մեր տարածաշրջանում՝ Արցախի և Հայաստանի շուրջը և որոշել առաջնահերթությունները:
«Ադրբեջանցիները, թիկունքում չունենալով բնակեցված որևէ ադրբեջանական բնակավայր, առաջ են գալիս, իսկ մենք, մեր հետևում ունենալով բնակավայրեր, սահմանային գյուղեր, գյուղացիներին մեն-մենակ ենք թողել ադրբեջանցիների հետ և ասում ենք՝ տապակվեք ձեր յուղի մեջ»,-ասաց Սեյրան Օհանյան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան