Էրդողանի՝ «չի թողնի երկիրը ներքաշել պատերազմի մեջ» հայտարարության հիմնական մեսիջները. Ռուբեն Մելքոնյան
Թուրքիայի նախագահ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, թե ինչ քաղաքականություն է պատրաստվում վարել ինքն ու իր կուսակցությունը առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում։ Մասնավորապես, նա ասել է, որ Անկարայում գործող իշխանությունը թույլ չի տա երկիրը ներքաշել պատերազմի մեջ և դա իրենց նախընտրական կարգախոսներից մեկն է։
Էրդողանի հենց այս հայտարարության ու Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների, Թուրքիայում ապրող հայերի՝ ում կտան իրենց ձայները, հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի հետ։
Panorama.am-Մինչ հիմա Թուրքիան բոլոր պատերազմներում ներկա էր՝ սկսած վարձկաններ, սպաներ, ռազմատեխնիկա տրամադրելուց ու օգտագործելուց, մինչև հարձակվողական գործողություններ, իսկ հիմա կրկին նախագահ ընտրվելու դեպքում Էրդողանը, ըստ իր հայտարարության, չի թողնի պատերազմական գործողությունների մեջ ներքաշել Թուրքիային։ Ի՞նչ նկատի ունի Էրդողանը նման հայտարարություն անելով՝ ուղղակի հանրության ա՞չքն է ուզում մտնել, թե՞ մյուս թեկնածուներն իրենից էլ ծայրահեղական են ու պատերազմի կոչեր են անում նախընտրական շրջանում։
Ռուբեն Մելքոնյան-Էրդողանի հայտարարությունն առնվազն երեք հարթությունում կարող ենք դիտարկել և անպայմանորեն, իհարկե, պատմական էքսկուրսի լույսի ներքո։
Թուրքիան, 1952 թվականին անդամակցելով ՆԱՏՕ-ին, մասնակցել է կորեական պատերազմին, ունեցել է 2500 զոհ։ Այդ կորեական պատերազմը թուրքական հասարակության մոտ մինչև մեր օրերը թողել է բացասական հետք, թե մենք ինչ գործ ունենք այլոց պատերազմներին, այսինքն՝ Կորեան ուր, Թուրքիան ուր, ինչու է Թուրքիան մասնակցել պատերազմին և տվել 2500 զոհ։ Այդ «անիմաստ պատերազմին» մասնակցելու բարդույթը թուրքական հասարակական ու քաղաքական կյանքում ունի որոշակի ընկալում։ Էրդողանի հայտարարությունն առաջին հերթին ուղղված է նաև ներքին լսարանին, որ Թուրքիան Արևմուտքի հետ ունի հավասարազոր հարաբերություններ և այլևս Արևմուտքի թելադրմամբ չի մասնակցի այն պատերազմներին, որոնք ուղիղ իրեն չեն առնչվում, այլ պատերազմների մասնակցելու հետևանքով չի տա զոհեր։
Մյուս դիտարկումն այն է, որ թուրքական ընկալման մեջ կա իր պատերազմը և ուրիշների պատերազմը։ Իր պատերազմն է, որ Թուրքիան կարող է հարձակվել Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի վրա, բայց այն պատերազմները, որոնք մղում է ՆԱՏՕ-ն կամ իր արևմտյան դաշնակիցները, նա համարում է օտար պատերազմներ, ոչ իր պատերազմը, հնարավորություն դեպքում խուսափում է ուղիղ մասնակցությունից։
Էրդողանի հայտարարությունը, ենթադրում եմ, առնչվում է նաև ռուս-ուկրաինական պատերազմին և պատասխան է նաև Արևմուտքի ճնշումներին, որը դրդում է, որպեսզի Թուրքիան էլ ավելի ակտիվ աջակցի Ուկրաինային զենքի, մասնակցության տեսքով։ Եվ, բնականաբար, կարող ենք համարել նաև ռեվերանս, դրական մեսիջ ուղղված Ռուսաստանին։
Էրդողանի այս հայտարարությունը շատ հասկանալի, ընկալելի է թուրքական հասարակության համար, որ սա այլոց պատերազմ է և Թուրքիան այլոց պատերազմին չի մասնակցի։
Թուրքիան, այո, միշտ փորձել է վարձականների և այլ միջոցով պատերազմներ անել, բայց հնարավորինս իր սահմաններից հեռու։ Նույնիսկ եթե օգնել է Ամերիկային Իրաքի պատերազմում կամ ավելի վաղ Եգիպտոսի և այլնի դեմ պատերազմներում, ապա փորձել է հնարավորինս զգուշավար։ Օրինակ, տրամադրել է իր օդանավակայանները, բայց խուսափել է, որ թուրքական զինվորը հայտնվի ինչ-որ մի վայրում, որտեղ պատերազմ է մղում ԱՄՆ-ն կամ ՆԱՏՕ-ն։
Հաշվի առնելով վերջին շրջանում Իրանի ակտիվությունը, այս համապատկերում Էրդողանի հայտարարությունը մեսիջ կարող ենք համար ուղղված Իրանին, քանի որ Իրանի հայտարարությունները Ադրբեջանի մասին և, օրինակ, հավանական Իրան-Ադրբեջան բախումը, ենթադրելու է Թուրքիայի ուղիղ մասնակցություն իր դաշնակից Ադրբեջանի կողքին։ Հետևաբար, Էրդողանի մեսիջը, կարող ենք համարել, նա փորձելու է կանխել Իրան-Ադրբեջան հարաբերությունների էսկալյացիան և փորձելու է դա սահմանափակել դիվանագիտական քննարկումների շրջանակներում՝ չտանելով դեպի պատերազմական փուլ։
Չենք կարող անտեսել թուրք-իսրայելական յուրահատուկ հարաբերությունները, և այս կոնտեքստում կրկին Իրան-Իսրայել հարաբերությունների լարվածությունը։
Այսինքն, Էրդողանի հայատարությունը կարող ենք համարել բազմավեկտոր, ուղղված արտաքին ու ներքին լսարանին, միաժամանակ Թուրքիայի կենսական շահերի ևս մեկ անգամ ամրագրում։ Փաստորեն, այս հայտարարությունն ուղղված էր և ԱՄՆ-ին, և արևմտյան երկրներին, և ՌԴ-ին, և Իրանին, և Թուրքիայի ներքին լսարանին։ Գերհագեցած մեսիջ էր։
Panorama.am-Մյուս թեկնածուների համար Էրդողանն ավելի ռազմատե՞նչ, ծայրահեղակա՞ն է։
Ռուբեն Մելքոնյան- Շատ կարևոր հարց եք տալիս։ Իր հիմնական հակառակորդն ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն համարվում է նաև Արևմուտքի, ԱՄՆ-ի համար ընկալելի, ընդունելի թեկնածու։ Էրդողանը նաև իր ներքին լսարանին ուղղում է հետևյալ մեսիջը. եթե հանկարծ հաղթի Քըլըչդարօղլուն, ապա նա այնքան թույլ է, ԱՄՆ-ի հանդեպ այնքան քիչ է նրա զսպող, ինքնուրույնությունն ապահվող մեխանիզմները, որ նրա նախագահ լինելու պարագայում Թուրքիան կարող է մասնակցել տարատեսակ պատերազմների, որոնց նրան կմղի ԱՄՆ-ն։
Մեսիջը հետևյալն է՝ ընդդիմությունը ԱՄՆ-ի համար ընդունելի ընդդիմություն է, ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմի մասնակցելու ԱՄՆ հրահանգը Թուրքիան անելու է ավելի հեշտությամբ, իսկ հիմա՝ Էրդողան նախագահի Թուրքիայում նա դիմադրում է և իր ՆԱՏՕ-ական գործընկերների անգամ համառ հորդորներից հետո չի ակտիվացնում իր մասնակցությունը տարատեսակ կոնֆլիկտներին, որոնք ինքը համարում է իրենից հեռու։
Իսկ հարցի մյուս կողմը՝ ինքն ավելի ռազմատնեչ է, քան մյուս թեկնածուները, այս իմաստով ավելի ռազմատենչ է Արցախի, Իրաքի, Սիրիայի վրա հարձակվելու առումով, բայց պետք է ընկալենք, որ սրանք թուրքական պատերազմներ են, թուրքական շահերի համար մղվող պատերազմներ են։
Այսինքն, Էրդողանը ռազմատենչ է այն պատերազմներում, որոնք համարում է իրենը, թուրքականը, ավելի զուսպ է այն պատերազմներում, որոնք համարում է օտարների, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի պատերազմ, իսկ ընդդիմությանը մեղադրում է, որ խոնարհ, հեզ հաշտվելու է Ամերիկայի, ՆԱՏՕ-ի հրահանգներին` մասնակցել տարատեսակ այլ պատերազմների։
Panorama.am-Հայաստանի դեպքում, կարծում եմ, որևէ մեկը նախընտրելի թեկնածու չէ։
Ռուբեն Մելքոնյան- Իհարկե, Հայաստանի դեպքում Թուրքիայի որևէ իշխանություն, որևէ նախագահ, որևէ քաղաքական ուժ չի կարող ունենալ տարբերակված մոտեցում և Հայաստանը շարունակում է մնալ թուրքական պետության թիրախը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Panorama.am-Այսինքն, ով էլ լինի, նույն քաղաքականությունն է շարունակելու։
Ռուբեն Մելքոնյան-Ենթադրաբար, այո, չհաշված առանձին դետալների փոփոխություն։ Կարծում եմ՝ ընդհանուր քաղաքական գիծը մնալու է Հայաստանի հանդեպ նույնը՝ ներառյալ նաև ռազմական ագրեսիվ պահվածքը։
Panorama.am-Թուրքիայում ապրող հայերն ունե՞ն նախընտրելի թեկնածու։
Ռուբեն Մելքոնյան-Թուրքիայի հայերի հետ կապված մոտեցումներն ավանդական են, ինչ-որ առումով կանխատեսելի։ Համայնքի ավելի ակտիվ հատվածը ձայնը տալու է ձախ ընդդիմադիր «Ժողովուրդների ժողովրդավարություն» կուսակցությանը, պայմանական ասած Կարո Փայլանի կուսակցությանը։ Այն մարդիկ, ովքեր ավելի շատ խոսում են, լրագրողները, «Ակոս» թերթի շուրջ համախմբվածները ձախակողմյան կողմնորոշում ունեն, ավելի հավանական է, որ սատարելու են, քվեարկելու են այդ ուժերին, դրանցից ամենահայտնին, ինչպես ասացի, Կարո Փայլանի անդամակցած կուսակցությունն է։
Համայնքի մի հատված ավանդաբար իշխանամետ է, միշտ քվեարկում է տվյալ պահի իշխանությանը, այս դեպքում թեկնածու Էրդողանի ու նրա կուսակցության գլխավոր դաշինքի օգտին։ Այդ հատվածը, եթե կարելի է ասել, համայնքային օլիգարխիան է, պատրիարքարանի շուրջ համախմբվածներ։
Համայքնում կա մի հատված, որն ավանդաբար ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցությանը շատ սառը չի նայում, կարող է ձայն տալ, հատկապես որ այդ կուսակցության ներկայիս ղեկավարը որոշ քայլեր է անում գոնե հայտարարությունների մակարդակով ուղղված Թուրքիայում ապրող փոքրամասնություններին, համայնքներին։
Համայնքի բաշխվածությունը գրեթե միշտ է այդպես եղել։
Panorama.am-Շնորհակալություն վերլուծության համար։
Հարակից հրապարակումներ`
- Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
- Էրդողան. Ընտրություններում հաղթելու դեպքում թույլ չենք տա, որ Թուրքիան ներքաշվի որևէ պատերազմի մեջ
- Թուրքայի երեք կուսակցություն պահանջում են հեռացնել Էրդողանի թեկնածությունը նախագահական ընտրություններից
- Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու ուղղությամբ հայկական կողմը իրականացնում է ակտիվ աշխատանքներ. Միրզոյան
- Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունների կազմած «Վեցյակի սեղանի» թեկնածուն Էրդողանից առաջ է անցնում․ Հարցում
- Bloomberg. «Էրդողանի վիճակն ավելի է վատանալու»
- Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու
- Daily Mail. Էրդողանը կարող է պարտվել ընտրություններում
- Հայ-թուրքական գործընթացը, որի անունը դրել են խաղաղության բանակցություններ, ոչնչով չի տարբերվում Հայաստանի շարունակական կապիտուլյացիայից. Գեղամյան
- Թուրքական ընդդիմությունը մարտահրավեր է նետում նախագահ Էրդողանին. Եվրանյուզ
- Էրդողանի կուսակցության վարկանիշը նվազել է 2.4%-ով. հարցում
- Ինչքան էլ Էրդողանը հանդիպի, ժպտա, Թուրքիայի քաղաքականությունը մեր հանդեպ մնում է նույնը. Ռուբեն Մելքոնյան
- Կարծում եմ՝ Էրդողանն ունի այս ծանր իրավիճակից դուրս գալու ռեսուրսն ու հմտությունը. Ռուբեն Մելքոնյան
- Հայաստանը ցանկացած պահի պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացման. ԱԽ քարտուղար
- Չավուշօղլուն հերթական անգամ հաստատել է հայ-թուրքական գործընթացի կախվածությունը հայ-ադրբեջանականից
- Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գնում է թուրքական նախապայմանները բավարարած. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին