Հապաղելու դեպքում՝ միջնադարի ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքն ընդհանրապես կավերվի
Միջնադարյան հայկական ճարտարապետության և քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից է Աղջոց վանքը։ Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Ստեփանոսն է, կից հյուսիսային կողմից՝ Պողոս-Պետրոս եկեղեցին։ Վանական համալիրը կազմված է նաև գավթից, վանականների շինություններից, խաչքարերով հարուստ ընդարձակ գերեզմանոցից։
Այժմ կանգնում են Սուրբ Ստեփանոս եկեղեցու պատերը, Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու արևմտյան մուտքը՝ երկու կողմերում` Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով։
Վանական համալիրը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում է ընդգրկված, սակայն այսօր այն հիմնովին ավերվելու վտանգի առաջ է կանգնած։
Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Արտակ Ղուլյանն ասում է, որ կան մի քանի բացառիկ, արժեքավոր եկեղեցիներ, որոնք ավերված են, բայց դեռևս կանգուն հատվածները լավ են պահպանված։ Դրանցից մեկը հենց Աղջոց վանքն է։
«Այն թեև գտնվում է Խոսրովի արգելոցում, մեքենայի ճանապարհ չկա, մոտակա գյուղերից հեռու է, բայց ուսումնասիրված է, չափագրված, նախագծեր արված են, բայց դիպլոմային մակարդակով, հուշարձանների վարչությունը նախագիծ չի կատարել։ Վերականգնման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ»,- նշում է ճարտարապետը։
13-րդ դարով թվագրվող վանքի բազալտե քարը, մասնագետի խոսքով, լավ է պահպանվել, բեկորները շատ են, վերականգնման խնդիրներ չեն լինի. «Միայն գավիթի հետ կապված որոշ անորոշ հարցեր կան, բայց լուծելի են։ Դասական վերականգնելու հուշարձան է»։
Ա. Ղուլյանն ասում է, որ անհրաժեշտ է պեղումներ կատարել վանքի շուրջ։
«Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ երբ պեղում ենք հուշարձանների շուրջ, հսկայական նոր քարեր են դուրս գալիս, որոնք օգնում են, ավելի շատ հուշարձանի բեկորներով ենք վերականգնում։
Այսինքն՝ անհրաժեշտ է իրականացնել ամբողջ տարածքի պեղումներ, լուծել ճանապարհի հարցն ու վերականգնել։ Միակ խնդիրը միջոցներն են»,- նշում է ճարտարապետը։
Խոսելով Աղջոց վանքի ճարտարապետական արժեքի մասին, նա ընդգծում է՝ բացառիկ է, Գեղարդավանքի ժամանակակիցն է, իր ճարտարապետական որակով չի զիջում այդ եկեղեցուն, Գառնիում գտնվող նույն շրջանի Մաշտոց Հայրապետ փոքր եկեղեցուն, որը վերականգնվել է։
«Մեր ծաղկուն, լավագույն շրջանը 12-րդ դարի վերջից մինչև 14-րդ դարի սկիզբն է։ Մեր դասական շրջանն է։ Եվ Աղջոց վանքը դասական շրջանի գլուխգործոցներից է իր բարձրաքանդակներով, զարդարվեստով»,- ասում է Արտակ Ղուլյանը։
Այս գլուխգործոց հուշարձանի մի քանի կանգուն մնացած հատվածները չվերականգնելու, չամրացնելու դեպքում ընդհանրապես կքայքայվեն ու կավերվեն, ինչը, Ա.Ղուլյանի գնահատմամբ, լուրջ կորուստ կլինի մեր միջնադարյան ճարտարապետության համար։
«Իհարկե, տարիներ ընթացքում նման հուշարձաններն ավերվում են, քանի որ վթարային վիճակում են, պատերին կան մեծ ճաքեր, պատերն իրարից հեռվացել են։ Թեթև երկրաշարժից, հիմնականում ձմռանը, ձյան ծանրությունից, փլուզումներ են լինում։ Անկանխատեսելի է, կարող է մի օր էլ ամբողջովին փլուզվել։
Բայց... Որքան գիտեմ, որևէ ծրագիր էլ չկա»,-ասում է ճարտարապետը։
Նա զարմանում է, որ գումար լինելու դեպքում ոչ թե հատկացվում է հենց այս հուշարձանի վերականգնմանը, այլ հիմա ավելի շատ հին շրջանին վերաբերող հուշարձանների, դամբարանների պեղումներին են միջոցներ տրամադրվում։
«Իմ կարծիքով, եթե միջոցներ կան, կարող էին հենց Աղջոց վանքի համար օգտագործել։ Չգիտեմ՝ ով է կազմում վերականգնման, պեղումների կարիք ունեցող հուշարձանների ծրագիրը։
Ինձ թվում է, իմ եզրակացությունն է, մեր պատմական ժառանգության արժևորումը ճիշտ չի կատարվում, կարևորը ոչ կարևորից չի տարբերվում, ըստ այդմ էլ կազմվում են ծրագրերը»,- ասաց ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Արտակ Ղուլյանը։
Աղջոց վանք համալիրը գտնվում է Գեղարդից 7 կմ հվ-արլ, լեռան լանջին: Ըստ ավանդության` հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. սկզբին` որպես կուսանաց վանք: Ներկայիս վանքը կառուցվել է XIII դ.: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն:
Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից:
Ս. Ստեփանոս եկեղեցի -գլխավոր եկեղեցին է` կառուցված 1212-1217 թթ.: Ունի ներքուստ խաչաձև, 4 անկյուններ ու մեկհարկ ավանդատներով, գմբեթավոր հորինվածք: Աչքի է ընկնում ներքին և արտաքին պարզ ճարտարապետությամբ:
Գավիթ-կից է գլխավոր եկեղեցուն արևմտյան կողմից: Կառուցվել է 1217-1234 թթ.: Պատկանում է քառասյուն գավիթների տիպին, որի ծածկը իրականացված է եղել երկու զույգ փոխհատվող կամարներով: Պահպանվել է միայն արևելյան պատերի մի մասը:
Ս.Պողոս-Պետրոս եկեղեցի -համալիրի առավել ուշագրավ հուշարձաններից է: Կից է Ս. Ստեփանոս եկեղեցուն հյուսիսային կողմից: Արևմտյան դռան ճակատակալ քարի վրա պահպանվել է 1270 թ. եղծված շինարարական արձանագրությունը: Պարզ հատակագծով, արևելյան կողմից կիսաշրջան ավագ խորանով, երկու կողմերից ավանդատներ ունեցող թաղածածկ կառույց է: Եկեղեցին ուշագրավ է արևմտյան մուտքի երկու կողմերում արված`Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների բարձրաքանդակներով, որոնք միջնադարյան Հայաստանի քանդակագործական արվեստի բացառիկ նմուշներից են:
Վանքը կործանվել է 1679 թ. երկրաշարժից: Նորոգվել է և գործել մինչև XVIII դ. կեսը:
Լուսանկարները՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարաններիև պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Աղջոց վանքը ողբերգական վիճակում է. Վերանորոգման կարիք ունի
- Զինավոր Մեղրյան. Աղջոց վանքն ինձ մտորելու շատ մեծ նյութ տվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան