Կոնգրեսականները կոչ են անում գործընկերներին գիտակցել հայկական հիմնախնդիրներին աջակցելու կարևորությունը՝ հատկապես Լաչինի շրջափակման պայմաններում
Լաչինի միջանցքի շրջափակումը ու Հայաստանի անվտանգության մարտահրավերներն առանցքային տեղ են զբաղեցրել Ամերիկայի հայկական համագումարի՝ ԱՄՆ Կոնգրեսում ընթացած այս տարվա խորհրդաժողովներում: Դրանց ողջ նպատակն է վստահ լինել՝ ամերիկահայությանը հուզող խնդիրները գտնվում են ամերիկացի օրենսդիրների ուշադրության կենտրոնում, ասում է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
«Մենք ցանկանում ենք համոզվել, որ առկա են շոշափելի արդյունքներ, և որ միջանցքի շրջափակումը վերացվում է: Ցանկանում ենք վստահ լինել, որ մեր ձայնը լսելի է և հստակ հնչում է ԱՄՆ Կոնգրեսում, և որ կարող ենք անել հնարավոր ամեն ինչ հայ ժողովրդին օգնելու համար»,- նշում է Արդունին:
Կոնգրեսական Ջուդի Չուի կարծիքով՝ այս միջոցառումների կարևորությունը էլ ավելի է մեծացել վերջին զարգացումների համատեքստում:
«Դա հատկապես կարևոր է այսօր, քանի դեռ Արցախում մարդիկ գտնվում են արգելափակված վիճակում, զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից, դեղորայքից, սնունդից և էներգետիկ պաշարներից: Շատ ծանր վիճակ է, քանի որ Ադրբեջանը փակել է ցամաքային Լաչինի միջանցքը։ Եվ դա մի հարց է, որը մենք պետք է լուծենք, քանի որ մարդիկ չեն կարող ապրել նման տառապելի պայմաններում»,- ասում է նա:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնն էլ հայտնել է Կոնգրեսում նոր նախաձեռնությունների մասին:
«Մենք նամակ էինք պատրաստել՝ ուղղված հատկացումների հանձնաժողովին, ուր խնդրում էինք 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին և ավելի քան 60 միլիոն դոլար՝ Արցախին: Այն կոչ էր անում մեր կառավարությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը և խնդրել մեր պետքարտուղարության միջոցով դիմել բոլոր հնարավոր քայլերի՝ դադարեցնելու այս շրջափակումը»,- «Ամերիկայի ձայն»-ին ասել է կոնգրեսական Փալոնը:
Կոնգրեսական Ջիմ Կոստան էլ վստահ է՝ այս խորհրդաժողովները հիշեցնում են Կոնգրեսին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված պարտավորության մասին:
«Ամերիկահայությունը հատուկ դերակատարում ունի Հայաստանի շահերի պաշտպանության և ԱՄՆ-Հայաստան գործընկերության հարցերում, ինչպես նաև այն ջանքերում, որոնք միտված են պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և Հայաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված այլ երկրներին, ինչպես նաև վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի սարսափելի շրջափակումը, որն ազդում է Արցախում շուրջ 120 հազար հայերի կյանքի վրա»,- պնդում է Կոստան:
Ամիսներ առաջ Ռոդ Այլենդ նահանգից ԱՄՆ Կոնգրեսին և հայկական հանձնախմբին միացած կոնգրեսական Սեթ Մեգեզիները Լաչինի միջանքի շուրջ զարգացումը որակում է իրական մարդասիրական ճգնաժամ: Նա կոչ է անում իր բոլոր գործընկերներին գիտակցել հայկական հիմնախնդիրներին աջակցելու կարևորությունը՝ հատկապես Լաչինի շրջափակման պայմաններում:
«Խնդիրն այն է, որ Կոնգրեսի շատ այլ անդամներ այնքան էլ լավ ծանոթ չեն այս հարցերին: Նրանք չեն հասկանում, թե ինչ է կատարվում Արցախում: Եվ ահա, թե ինչու են նման խորհրդաժողովներն այդքան կարևոր, ուր բոլորս կարող ենք աշխատել միասին ու քննարկումներ անցկացնել գործընկերների հետ՝ նրանց տեղեկացնելով, թե ինչ է կատարվում և ինչու պետք է լրջագույն մոտեցում ցուցաբերել այս հարցերին»,- նշել է նա:
ԱՄՆ Կոնգրեսում խորհրդաժողովի եզրափակիչ միջոցառման ընթացքում ելույթ ունեցած ամերիկացի կոնգրեսականները հավաստիացնում են՝ շարունակելու են հանդես գալ ի պաշտպանություն հայկական շահերի: Նրանք խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին